Արմավիրում ամբողջությամբ հրդեհվել է «ԶԻԼ» բեռնատարը, 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց (լուսանկարներ, տեսանյութ)
Այսօր՝ հուլիսի 18-ին արտակարգ պատահար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում «ԶԻԼ» մակնիշի 28 ՏՍ 329 համարանիշի ավտոմեքենան հրդեհվել է և ամբողջությամբ այրվել:
Հրդեհի հետևանքով վարորդը՝ Արմավիրի մարզի Արևիկ գյուղի բնակիչ 31-ամյա Արտյոմ Կարապետյանը և նույն գյուղի բնակիչ 26-ամյա Արա Պետրոսյանը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Հրշեջ-փրկարար ծառայության Էջմիածնի բաժանմունքի 1 մարտական հաշվարկ:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ:
Դեռևս հայտնի չէ, թե ինչն է եղել հրդեհի պատճառը: Այն պարզ կլինի փորձաքննության արդյունքում:
Նշենք, որ սա այսօրվա ընթացքում Արմավիրի մարզում տրանսպորտային միջոցի այրվելու երկրորդ դեպքն է: Այսօր ժամը 13-ին, այս անգամ Լուկաշին գյուղում, հրդեհվել էր «ԳԱԶ» մակնիշի մեքենա, ինչի արդյունքում 5 հոգի տեղափոխվել էին հիվանդանոց:
19.40
Քիչ առաջ Գ. Շամշյանը հայտնեց, որ նշված անձինք Վաղարշապատի բժշկական կենտրոնից տեղափոխվել են Երևան:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի









