Անժելա Սարգսյանի «տղամարդը» կարել է բերանը և անժամկետ հացադուլ հայտարարել
Դերասանուհի Անժելա Սարգսյանի տղամարդու` Կարեն Արայանի գործի քննությունը դատարանում հայտնվել է փակուղու մեջ. Արայանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կարել է բերանը և հայտարարել անժամկետ հացադուլ: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Կարեն Արայանի մայրը` Մարիա Արայանը: Տեղեկությունը Panorama.am-ի հետ զրույցում հաստատել է նաև Արայանի փաստաբան Կիմա Սարյանը:
Վերջինսիս խոսքով, Արայանն այդպիսով իր բողոքն է արտահայտում ապօրինի ազատազրկման և իր նկատմամբ առաջադրած անհիմն մեղադրանքի համար: Ավելին, Արայանը ՀՀ նախագահին, Գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին, Արդարադատության նախարարին և ԱԺ նախագահին ուղղված բաց նամակ է ուղարկել բանտից:
Նամակում ասվում է հետևյալը. «Ես` Կարեն Արայանս, անհիմն մեղադրվում եմ դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնկագրական բնույթի լուսանկարը տարածելու և նրա ընտանեկան գաղտնիքը բացահայտելու մեջ, այսինքն` ՀՀ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով և 144-րդ հոդվածով: Ողջ մեղադրանքը հիմնված է շինծու ապացույցների և ոչ ճիշտ որակված փաստերի վրա: Ես պնդում եմ, որ այդ արարքը կատարել է հենց ինքը` Անժելա Սարգսյանը, սակայն մինչ այօր չի ստուգվել նույնիսկ նրա համակարգիչը…Ես ինձ մեղավոր չեմ ճանաել ու չեմ ճանաչում, քանի որ ես ոչ մի պոռնկագրական բնույթի լուսանկար ոչ մեկին, ոչ մի կերպ չեմ փոխանցել ու չեմ ցուցադրել:
Դատարանը նույնիսկ չի կարողանում վկաներին բերման ենթարկել դատական նիստերին և արդեն հինգերորդ ամիսն է, ինչ այդ պատճառով դատավարությունը հետաձգվում է ու չունի ընթացք: Մերժվել են իմ խափանման միջոց կալանքը վերացնելու և գործը կարճելու վերաբերյալ միջնորդությունները և 2011 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև այսօր ես գտնվում եմ ապօրինի կալանքի մեջ: Ուստի` ելնելով վերոգրյալից ես այսօրվանից կարել եմ բերանս ու հայտարարում եմ անժամկետ հացադուլ և պահանջում եմ արդարության վերականգնում: Ես հացադուլից դուրս կգամ այն ժամանակ, երբ կգտնվեմ ազատության մեջ»:
ՀՀ Քրեակատարողական հիմնարկների վարչության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Գոռ Ղլեչյանը Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Կարեն Արայանը երեկ հայտարարել է հացադուլ, նրան տեղափոխել են առանձին խուց և գտնվում է բժիշկների հսկողության տակ, իսկ բերանը կարելու և նամակի վերաբերյալ ասաց, որ ոչ մի տեղեկություն չունի:
Panorama.am-ը տեղեկացնում է նաև, որ Արայանի գործով վերջին դատաքննությունը կայացել է հուլիսի 14-ին, որին նույնպես վկաները ներկա չեն եղել: Ավելին, կյանքի չի կոչվում դատարանի որոշումը` վկաներին բերման ենթարկելու մասին, և գործը, փաստորեն, մտել է փակուղի:









