ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանի «Մերսեդես Ջի»-ն տեղափոխվեց Ոստիկանության հատուկ պահպանման տարածք (լուսանկարներ, տեսանյութ)

22:56 • 18.07.12

Այսօր՝ ժամը 21.00-ի սահմաններում Երևան քաղաքի Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկում հավաքվել էին մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ: Ինչպես նշված վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շենքի մի քանի բնակիչներ ֆոտոլրագրողի հետ զրույցում պատմել են, որ մոտ 6 ժամից ավել է, մեծ թվով ոստիկաններ նշված շենքի մոտից փորձում են Ոստիկանություն տեղափոխել մայթին կայանված «Մերսեդես Ջի» («Յաշիկ») մակնիշի 005 ՕՕ 05 համահամարանիշի ավտոմեքենան:


Գ. Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով նշված ավտոմեքենան պատկանում է ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանին («Արմավիրցի Նավո»):

Ոստիկանները նշված շենքը հսկում էին և փողոցի և բակի կողմից:


Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից նշված ավտոմեքենան տեղափոխվեց Ոստիկանության հատուկ պահպանման տարածք:

Շամշյանի տեղեկություններով՝ մեքենայի տեղափոխումը Ոստիկանություն կապված է այս գիշեր տեղի ունեցած մի միջադեպի հետ, որի մեջ կասկածվում է ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին՝ Արտակ Գևորգյանը, ով, ըստ տեղեկությունների, գինովցած վիճակում և զենքի սպառնալիքով ավտոմեքենա էր առևանգել:

Մասնավորապես այս գիշեր՝ ժամը 03.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 25-ամյա Վիրաբ Ա.-ն և հայտնել, որ անհայտ անձը «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայից իջնելով՝ զենքի սպառնալիքով առևանգել է իր «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան:


Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 30-ամյա Արտակ Գ.-ն նույն օրը, ժամը 03.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոցի մոտ, իջնելով իր կողմից վարած «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայից՝ ատրճանակի սպառնալիքով կանգնեցրել է Վիրաբ Ա.-ի կողմից վարվող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան և իջեցնելով վերջինիս ու նրա ուղևորին ու թողնելով «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենան` «ՎԱԶ 2106» ավտոմեքենայով հեռացել է:

Արտակ Գ.-ն ձերբակալված է: Ոստիկանության Արմավիրի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի 1-ին մասի, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի