Սուրեն Սիրունյանը չի կարող ասել`վերջին անգամ երբ է տեսել Վանո Սիրադեղյանին

17:53 • 18.07.12

ՀՀ ներքին գործերի նախկին նախարար, գրող Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանը հրաժարվեց պատասխանել Tert.am-ի այն հարցին, թե վերջին ամգամ ե՞րբ է տեսել Վանո Սիրադեղյանին, կամ, արդյո՞ք, որևէ տեղեկություն ունի Սիրադեղյանի գտնվելու վայրի մասին։


«Ես չեմ կարող պատասխանել այդ հարցերին, ոչինչ ասել չեմ կարող»,- Tert.am-ին հետ զրույցում ասաց  Սուրեն Սիրունյանը:


Հարցին, թե ինչպե՞ս է վերջինս գնահատում Վանո Սիրադեղյանին Հայաստան վերադարձնելու հասարակության որոշակի շերտերի կողմից բարձրաձայնվող պահանջը և այդ ուղղությամբ, հատկապես, սոցիալական ցանցերում նկատվող ակտիվությունը, Սուրեն Սիրունյանն ասաց. «Ես դա գնահատում եմ շատ բարձր, վերջապես, Հայաստանում այնպիսի ժամանակ է, երբ մարդիկ առաց վախենալու իրենց կամքն են արտահայտում: Այդ ստորագրահավաքին միացել են հիմնականում արվեստի գործիչներ, մտավորականներ, գրողներ, ինչպես նաև եզակի դեպք է, երբ նախաձեռնությանը միանում է մի ամբողջ կուսակցություն»:


Հիշեցնենք, որ կինովավերագրող Վարդուհի Սիմոնյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Ելք» խմբում սկսել է ստորագրահավաք, որին միացել են հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում՝ արվեստագետներ, քաղաքական գործիչներ:


Հարցին, թե վերջինս ի՞նչ է կարծում, ի վերջո, Վանո Սիրադեղյանը կվերադառնա՞ հայրենիք, Սուրեն Սիրունյանն ասաց, որ իր կարծիքով անպայման գալու է այդ օրը. «Չգիտես ինչու՝ իմ մեջ կա մի հավատ, որ իշխանությունները վերջապես կարձագանքեն ստորագրահավաքին և Հայաստան կվերադարձնեն Հայաստանի պետականության հիմնադիրներից մեկին՝ մեր անվանի գրող Վանո Սիրադեղյանին»,- նշեց Ս. Սիրունյանը:

 

Սուրեն Սիրունյանը կտրականապես մերժում է արտահայտվող այն կարծիքները, որոնց համաձայն, իշխանությունները Վանո Սիրադեղյանին հնարավորություն տալով հայրենիք վերադառնալ, քաղաքական դիվիդենտեր են շահում նախընտրական ժամանակաշրջանում:

 

«Վանո Սիրադեղյանը ոչ մեկի համար չի եղել, չկա և չի լինի որպես խամաճիկ»,- ասաց Սիրունյանը:

Հարցին, թե վերջինս ի՞նչ տեղեկություններ ունի Արմեն Տեր-Սահակյանի քրեական գործի նյութերի անհայտացման մասին, որն անմիջականորեն կապված է հենց Վանո Սիրադեղյանի հետ, Սուրեն Սիրունյանն ասաց՝ դրա մասին պետք է խոսեն դատախազությունից: