BBC-ն անդրադարձել է Արցախի ընտրություններին
Արցախի նախագահական ընտրություններին է անդրադարձել բրիտանական BBC-ն:
«Հիմնականում էթնիկ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը 1991 թ-ին Խորհրդային միության փլուզումից հետո դուրս եկավ Ադրբեջանի կազմից և անկախություն ձեռք բերեց: Ադրբեջանն այս ընտրությունները «պրովակացիա» է որակում և մտավախություն կա, որ լայնածավալ հակամարտությունը կվերսկսվի»,- գրում է բրիտանական լրատվամիջոցը:
«Մենք ունենք բոլոր հիմքերը` աշխարհին ասելու, որ մենք անցկացնում ենք օրենքին համապատասխան ընտրություններ: Մենք կարող ենք ասել, որ չկա ոչ մի տարբերություն մեր և ժողովրդավար Եվրոպայի միջև»,- ասել է ԼՂՀ ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը:
Չնայած դրան, Եվրոպային Միության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հայտարարել էր, որ ԵՄ-ը չի ճանաչում ԼՂ ընտրությունները:
Կողմերի միջև հրադարդարի համաձայնագիրը կնքվել է 1994 թ-ին, բայց անցնող ամիսների ընթացքում սահմանին ճնշումը բարձր էր:
«Երկու կողմերը զբաղված են սպառազինությունների մրցավազքով և ավելի բարդ զինամթերիքի ձեռքբերմամբ»,- տարածաշրջանից տեղեկացրել է BBC-ի թղթակիցը:
Նա հավելել է, որ բաց հակամարտությանը ցանկացած վերադարձ այս անգամ ավելի կործանարար հետևանքներ կունենա, մասնավորապես եթե տարածաշրջանի դաշնակիցները, ինչպես Ռուսաստանն ու Թուրքիան ընդգրկվեն դրա մեջ:









