Սիրիայից մի քանի հազար մարդու ՀՀ տեղափոխվելը կարող է լուրջ սոցխնդիրներ առաջացնել. քաղաքագետ
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով սիրիահայերի՝ Հայաստան տեղափոխման հնարավորությանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց, որ մի քանի հազար մարդու գալը Հայաստան կարող է սոցիալական խնդիրներ առաջացնել երկրում:
«Նրանց հնարավոր տեղափոխությանը պետք է նախապես պատրաստվել: Բայց միաժամանակ հնարավոր է նրանց բնակեցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում»,– ասաց նա:
«Դրանով նախ և առաջ կլուծվեն ժողովրդագրական խնդիրները: Բացի այդ, բնակվելով Արցախում նրանք իրենց ֆինանսական միջոցները կներդնեն ԼՂՀ-ում»,- ասաց քաղաքագետը:
Բանախոսը նշեց, թե հավանական է, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմն էլ ավելի ուժգնանա, իսկ սիրիահայ համայնքը հնարավորություններ չունենա արևմտյան երկրներ տեղափոխվելու համար: Այդ պատճառով, ըստ նրա, պետք է ցանկացած պահի պատրաստ լինել նրանց Հայաստան տեղափոխմանը:









