«Դրախտը որոնելիս» խորագրով հայկական ցուցահանդես՝ Իտալիայում (լուսանկարներ)

18:49 • 19.07.12

Իտալիայի Պեզարո քաղաքի Պերկերիա թանգարանում հունիսի 9-ից հուլիսի 9-ը ցուցադրվել է «Դրախտը որոնելիս» խորագրով հայկական ցուցահանդեսը։


Ցուցահանդեսում տեղ էին գտել հայ արվեստագետների՝ նկարիչներ Թենի Վարդանյանի, Արարատ Սարգսյանի, Սարգիս Համալբաշյանի, Սամվել Սաղաթելյանի և քանդակագործ Արա Ալեքյանի աշխատանքները:


Այն կազմակերպել էր «Անտիկյան» ցուցասրահում իտալական «Ռենկո» ընկերության հետ համատեղ: Ցուցահանդեսի համադրող և «Անտիկյան» ցուցասրահի հիմնադիր Արմինե Անտիկյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ մեկ ամսվա ընթացքում հայկական ցուցահանդեսը ունեցել է ռեկորդային թվով այցելուներ: Այդ մասին իրենց տեղեկացրել է անձամբ թանգարանի ղեկավարությունը:


«Սա «Անտիկյան» ցուցասրահի առաջին փորձն էր, սակայն հույս ունենք, որ դրանք պարբերական բնույթ կունենան:

Համագործակցության առաջարկներ ենք ստացել իտալացի գործընկերների կողմից և արդյունքում իտալացի արվեստագետները ևս իրենց աշխատանքները կներկայացնեն Հայաստանում: Սա մշակութային երկխոսության լավագույն միջոցն է, որ ներշնչանքի աղբյուր կարող է դառնալ»,-ասաց նա:

Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքների հեղինակներից նկարիչ Արարատ Սարգսյանը Tert.am-ի հետ «Անտիկյան» ցուցասրահում զրուցելիս նշեց, որ թեև վերջին քսան տարիներին իրենք բազմաթիվ ցուցահանդեսներ են կազմակերպել տարբեր երկրներում, բայց այս մեկը առանձնահատուկ էր:


«Մեզ՝ նկարիչներիս համար, Իտալիան երազանքների փորձաքար է: Մեր ուսումնական ամբողջ շրջանը ներծծված է Իտալական վերածննդի վարպետների գործերով: Այս առումով մեզ համար պատասխանատու էր աշխատանքներ ներկայացնել Իտալիայում:


Բայց իտալացիները շատ լավ գիտեն մեր արվեստը՝ մանավանդ վաղ քրիստոնեական ճարտարապետությունը: Սակայն այլ բան է ժամանակակից արվեստը: Բոլոր երկրները չէ, որ ունեն ժամանակակից արվեստ: Դրա համար պետք է լինել ազատ ու դեմոկրատական երկիր»,-ասաց նկարիչը և ավելացրեց, որ քսան տարուց ավել է մենք ունենք ազատ երկիր և այդ ազատությունն իր անդրադարձն է ունեցել նաև հայ ժամանակակից նկարչության վրա:


Նկարիչ Սարգիս Համալբաշյանի համար ևս Իտալիան և նրա մշակույթը առանձնահատուկ տեղ են գրավում: Նա իրեն համարեց իտալապաշտ, քանի որ դեռ փոքր հասակից ոգեշնչվել է իտալական արվեստով:


«Շատ տպավորիչ է այն, որ դու մի բան փոքր հասակից սովորել ես, լսել ես, տեսել գրքերում, այսօր իրականում ես տեսնում:Մարդիկ հետաքրքրությամբ էին նայում մեր աշխատանքները, որովհետև հասկացան, որ Հայաստանում էլ ստեղծվում է մի արվեստ, որն արժեք ունի: Այցը Իտալիա հայ արվեստագետների համար նոր գաղափարների ու ոգեշնչումների առիթ կդառնա»,- ասաց նկարիչը:


Նկարչուհի Թենի Վարդանյանն էլ մեկնաբանեց, թե ինչու է ցուցահանդեսն անվանվել հատկապես «Դրախտը որոնելիս»: Նա նշեց, որ իրականում ցանկացած մարդ իր ծնված օրից փնտրում է իր դրախտը:


«Մարդուն միշտ թվում է, որ նա իր դրախտը կամ կորցրել է կամ չի գտել: Այս թեման հետաքրքիր է գրեթե բոլոր արվեստագետներին, այդ թվում նաև մեր հինգին: Ստեղծագործելու ընթացքը հենց այդ դրախտը գտնելու գործընթացն է և այն արդյունքը, որ ստանում ես: Իսկ Իտալիայում վաղուց էին դրախտներ որոնել ու այնպիսի դրախտներ էին գտել, որ դժվար է բառերով ասել»,- ասաց Թենի Վարդանյանը:


Թեև ներկայացված աշխատանքներն ընդգծված հայկական ազգային տարրեր չեն ունեցել, սակայն ինչպես հավաստիացրեց Թենի Վարդանյանը, ցանկացած ազգի նկարիչ կամա թե ակամա կրում է իր նախնիների ազդեցությունը և ազգային առանձնահատկությունն արտացոլվում է ցանկացած ստեղծագործության մեջ: