Հարուստ մշակույթ, պատմություն ունեցող ՀՀ-ի հետ Գերմանիան կարող է լավագույնս համագործակցել. ԳԴՀ դեսպան

14:35 • 19.07.12

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը, այս մասին տեղեկանում ենք նախագահական գրասենյակի մամուլի ծառայությունից: 


Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Նախագահը բարձր է գնահատել Հայաստանի և Գերմանիայի միջև վերջին տարիներին զգալի առաջընթաց արձանագրած հարաբերությունները, ընդգծելով, որ հայկական կողմը շահագրգռված է այդ դինամիկան պահպանելու և ավելի խորացնելու հարցում:


Դեսպան Մորելը նշել է, որ հայ-գերմանական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն և որպես դեսպան՝ կանի հնարավորը այդ ներուժը լիարժեք օգտագործելու, երկկողմ կապերն ավելի սերտացնելու համար: ԳԴՀ դեսպանի խոսքով, հարուստ մշակույթ և պատմություն ունեցող Հայաստանի հետ Գերմանիան կարող է լավագույնս համագործակցել նաև հումանիտար ոլորտում:


Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն փոխգործակցությանը, ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում գործակցության զարգացմանն ու երկկողմ առևտրատնտեսական կապերի շարունակական զարգացմանը՝ նկատի առնելով, որ ԵՄ երկրներից Գերմանիան Հայաստանի առաջին առևտրային գործընկերն է:
Նախագահ Սերժ Սարգսյանն ու դեսպան Ռայներ Մորելը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ: