Ճեմարանի ուսումնական ամեն մի օրը մեծ կարևորություն ունի Մայր Եկեղեցու ապագայի կերտման համար. Գևորգ Սրբազան

11:56 • 19.07.12

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հուլիսի 18-ին տեղի է ունեցել Գևորգյան հոգևոր ճեմարանի (Աստվածաբանական համալսարան) տարեվերջյան հանդիսությունը, այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

 

Հանդիսությունը սկսվել է Տերունական աղոթքով, որին հաջորդել են ՀՀ և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերը: Այնուհետև ներկաները մեկ րոպե լռությամբ և աղոթքով հարգել են հիշատակը ճեմարանի դասախոս նորոգ հանգուցյալ Վարագ Ներսիսյանի:



Ապա Գևորգյան հոգևոր Ճեմարանի 2011-2012 թթ. ուսումնական տարվա ամփոփիչ հաշվետվությունը ներկայացրել է Մայր Աթոռի կրթական հաստատությունների վերատեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

 

«Գևորգյան հոգևոր ճեմարանի պատմությանը գումարվեց ևս մեկ տարի: Մեկ տարի, որը մեզ համար անցավ ակնթարթի նման` ուսումնական հարատև աշխատանքի, կրթական ու դաստիարակչական բնականոն հոգսերի բովում: Գուցե շատերին թվա, թե այս ուսումնական տարին ևս ոչնչով չէր տարբերվում անցածներից, բայց ոչ մեզ համար, քանզի մշտապես մեր մեջ այն գիտակցությունն է խոսել, որ Ճեմարանի ուսումնական ամեն մի օրը, ամիսը, տարին մեծ կարեւորություն ունի Մայր Եկեղեցու ապագայի կերտման համար: Մշտապես մեր աշխատանքում ձգտել ենք պատրաստել առօրյա պայմանական մտածողությունից զերծ և նվիրյալ հոգևորականներ, որոնք կամք կդրսևորեն մեր` ներկաներիս թերությունները սրբագրելու և ավելի արդյունավետ ծառայություն մատուցելու Մայր Եկեղեցուն», -նշել է Սրբազանն իր խոսքում:


Գևորգ Սրբազանը տեղեկացրել է, որ ճեմարանում դասավանդում են 53 դասախոսներ, որոնցից 34-ն աշխարհականներ են, իսկ 19-ը հոգևորականներ: Ուսանողների թիվը 118 է, որոնցից 21 շրջանավարտ սարկավագներ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ արդեն իսկ համալրել են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության շարքերը և ծառայության կոչվել տարբեր հոգևոր կառույցներում:

 

Սրբազան Հայրը ներկայացրել է նաև բարձրագույն կրթությամբ անձանց համար կազմակերպվող Քահանայից պատրաստման երկու լսարանների 26 սաների առաջադիմությունը` տեղեկացնելով, որ այս տարի ևս տեղի կունենա նոր ընդունելություն:



Իր խոսքում Սրբազան Հայրը շնորհակալություն է հայտնել դասախոսներին կատարված աշխատանքի համար: Վերատեսուչը նաև բարձր է գնահատել ճեմարանի սաներին` ուսումնառության ընթացքում նրանց ցուցաբերած պատրաստակամության, կարգապահության և ջանասիրության համար:

 


Տարեվերջյան հանդիսության ընթացքում ճեմարանականները հանդես են եկել հոգևոր և ազգային երգերի կարտարումով և ասմունքով: Այնուհետև բարձր առաջադիմություն ցուցաբերած սաները ստացել են խրախուսական նվերներ: