Գյումրիում դիմակավորված անձինք մուտք են գործել բնակարան և հափշտակել ոսկյա իրեր

10:32 • 19.07.12

Հուլիսի 18-ին, ժամը 07.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել 1953 թ. ծնված Ջուլետա Հ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 05.00-ի սահմաններում, երկու դիմակավորված անձինք, բաց պատուհանից մուտք են գործել բնակարան, կպչուն ժապավենով կապել ձեռքերը, խոհանոցային դանակի սպառնալիքով պահանջել և հափշտակել են ոսկյա մատանի, ականջօղ, բջջային հեռախոս և խմիչքներ ու դիմել փախուստի:

 

Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է նախկինում դատված, 1955 թ. ծնված Հենրիկ Հ.-ն, որը մարտի 16-ից ոստիկանության Գյումրիի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Ձեռնարկվում են միջոցառումներ Հենրիկ Հ.-ի հանցակցի անձը պարզելու և նրան ու Հենրիկ Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: