Բերման են ենթարկվել հետախուզման մեջ գտնվող մի քանի անձինք
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են.
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները հուլիսի 18-ին, ժամը 16.00-ին, Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Կարեն Հ.-ին, որը 2011 թ. ապրիլի 28-ից ՌԴ Պյատիգորսկ քաղաքի իրավապահների կողմից գտնվում էր հետախուզման մեջ:
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հուլիսի 18-ին, ժամը 10.30-ին, Սարդարապատ գյուղից բերման է ենթարկվել 1967 թ. ծնված Սոս Ղ.-ին, որը հուլիսի 7-ից հետախուզվում էր առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու մեղադրանքով:
Սոս Ղ.-ն ձերբակալված է:
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 19-ին, ժամը 01.00-ին, ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքից բերման է ենթարկվել 1966 թ. ծնված Սիլվա Խ.-ն, ով հուլիսի 13-ից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով:
Սիլվա Խ.-ն ձերբակալված է:
Հուլիսի 18-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Հյուսիսային պողոտայից բերման են ենթարկել 1994 թ. ծնված Արսեն Բ.-ին, որը խոստովանել է, որ հուլիսի սկզբին, բաց դռնից մտնելով Թումանյան փողոցի շենքերից մեկի մի բնակարանից գողացել է Լեհական ժամացույց և արծաթյա 3 մատանի:









