Վրաստանում փոթորիկը ոչնչացրել է հազարավոր հեկտար խաղողի այգիները
Փոթորիկը, ինչպես նաև հեղեղը և կարկուտը գրեթե ամբողջովին ոչնչացրել է 11 հազար հեկտար մրգատու և խաղողի այգիներ վրացական Կախեթի շրջանում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը` վկայակոչելով Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլի հայտարարությունը:
«Մենք պետք է մտածենք բնակչության կորցրած բերքը փոխհատուցելու հնարավորության մասին: Կարծում եմ, որ այդ միջոցները պետբյուջեում կգտնվեն», - ասել է Վրաստանի նախագահը:
Խոսքը վերաբերում է Վրաստանի հիմնական գինեգործական շրջանում մինչ աղետը սպասվող ողջ բերքի երրորդ մասին: Փոթորիկը վրա է հասել հանրապետության արևմտյան շրջանների` հուլիսի 18-ից 19-ի գիշերը:
Տարերային աղետի հարվածից, վերջին տվյալներով, տուժել է 16 մարդ: Զոհերի մասին հաղորդումներ չկան, սակայն Գուրջաանի քաղաքում սթրեսից տարեց կինը ինսուլտ է ստացել և ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում:
Քամին պոկել է 500 բնակելի տների և շինությունների տանիքներ: Ամբողջ Կախեթիում վնասվել են գազի խողովակաշարերը և էլեկտրահաղորդակցությունը:
Թելավիում և տարածաշրջանի այլ բնակավայրերում դադարեցված է էլեկտրականության և գազի մատակարարումը:
Նախագահ Սաակաշվիլին աղետի հետևանքները վերացնելու համար շտաբ է ստեղծել, որի ղեկավար է նշանակվել վարչապետ Վանո Մերաբիշվիլին: Աղետից տուժած շրջաններ արդեն մոտ 1300 պահեստազորայիններ են ժամանել, որոնք տեղի բնակչությանը օգնություն պետք է ցուցաբերեն:









