Հայաստանի 7 մարզերի ուսուցիչների ու աշակերտների 50 աշխատանքից 16-ն արժանացավ մրցանակի

17:19 • 19.07.12

«Նարեկացի» արվեստի միությունում «Տապան» էկո-ակումբ հասարակական կազմակերպությունն այսօր ամփոփեց «Էներգիան և շրջակա միջավայրը» միջազգային կրթական մրցույթին Հայաստանի մասնակցության արդյունքները, ըստ որի, ՀՀ 7 մարզերի դպրոցների ուսուցիչների ու աշակերտների 50 աշխատանքներից 15-ն արժանացան հանրապետական, մեկը՝ միջազգային փուլի մրցանակների:


«Տապան» ՀԿ նախագահ Հրանտ Սարգսյանը նշեց, որ կազմակերպության նպատակը նախ և առաջ դպրոցներում դաստիարակչական աշխատանք իրականացնելն է, բացատրելը, թե ինչո՞ւ աղբ չպետք է թափել բնության մեջ, ինչպես նաև էկոլոգիական հիմնախնդիրներին վերաբերվող այլ հարցեր:


«Ուսուցիչների հետ մենք ևս աշխատում էինք, բայց ի տարբերություն երեխաների՝ նրանց հետ շատ ավելի դժվար էր: Եթե մեծահասակների հետ աշխատելիս մենք ներդնում էինք 150%-ի չափով էներգիա, բայց ստանում 10%-ի արդյունք, ապա երեխաների հետ աշխատելիս հակառակն է՝ ներդնելով մեր ջանքերի 70%-ը մենք 150%-անոց արդյունք էինք ստանում»,- ասաց նա:


Ներկայացված աշխատանքներից էին՝ «Խնայեք թուղթը», «Մենք կարող ենք փրկել երկրագունդը», «Ջեռուցում թափոններով», «Ծառը» և մի շարք այլ նկարներ ու տեսաշարեր:
 

«Ծառը» տեսաշարը պատրաստել էին Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրի մի շարք աշակերտներ ուսուցչուհի Գայանե Առաքելյանի հետ: Աշակերտներից Ծովինարը ներկաներին պատմեց, թե այս մրցույթին մասնակցելու ընթացքում ինչպես է փոխվել իրենց հայացքը բնության նկատմամբ:


«Մենք սկսեցինք բնությանն այլ աչքով նայել: Մենք փորձում ենք խնայել բնության ցանկացած երևույթը: Եվ դա արդեն սովորություն է դարձել, ոչ թե պարտադրված գործողություն»,-ասաց նա:


«Խնայեք թուղթը» նկարը կոչ էր ուղղված ողջ մարդկությանը՝ հավաքել օգտագործված թուղթը և վերամշակել, քանի որ դրա պատրաստման համար օգտագործվում են մեծ քանակությամբ փայտանյութ։


Տեղեկացնենք, որ 2012թ. մրցույթը հայտարարվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ու Հայաստանում «Էներգիայի և ռեսուրսների խնայման դպրոցական ծրագիր» (SPARE) նախագիծը համակարգող «Տապան» էկո-ակումբ հասարակական կազմակերպության կողմից:


SPARE նախագծին մասնակցում են ԱՊՀ և Արևմտյան Եվրոպայի մոտ 16 երկրներ: Նախագծի նպատակն է նպաստել երեխաների մոտ էկոլոգիական գիտակցության բարձրացմանն ու դաստիարակմանը, ինչպես նաև հասարակական ուշադրության մեծացմանը բնապահպանական մի շարք խնդիրների նկատմամբ: