Կոմկուսը դեռ չի որոշել, թե ինչպես է մասնակցելու նախագահական ընտրություններին
Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Ռուբեն Թովմասյանը դեռ չգիտի 2013թ-ի նախագահական ընտրություններին Հայաստանի Կոմունիստական կուսակցությունն ինչ ձևաչափով կմասնակցի նախագահական ընտրություններին և կունենա արդյո՞ք սեփական թեկնածուն, թե ոչ:
«Ժողովուրդը դեռ չի մարսել ԱԺ ընտրությունները, ինչ ձևաչափով կմասնակցենք՝ ժամանակը ցույց կտա»,- այսօր հրավիրված ասուլիսին ասաց նա:
ՀԿԿ նախագահը միաժամանակ համոզված է, որ առաջադրվելու են այն մարդիկ, ովքեր նախկինում էլ առաջադրվել և ձախողվել են:
«Բացի այդ հնարավոր է՝ առաջադրվի նաև այնպիսի մարդ, ով անհայտ է հասարակությանը, չի բացառվում նաև արևմտամետ միջամտություն լինի՝ իր բոլոր ճյուղերով»,- ասաց նա:
Կոմկուսի առաջին քարտուղարը բոլոր դեպքերում կանխատեսում է, որ եթե նախկին նախագահները առաջադրվեն, ինչ կարելի է սպասել. «Եթե մեկն առաջադրվի կլինի դժբախտություն, իսկ եթե երկուսը՝ ողբերգություն, երրորդի առաջադրումն էլ միաժամանակ դուք եզրահանգեք»:
Հարցին, թե Կոմկուսը, լինելով ընդդիմություն, արդյո՞ք կմիանա նախագահական ընտրություններին միասնական թեկնածուի առաջադրման քննարկումներին, Ռուբեն Թովմասյանը հստակեցրեց, որ իրենց գաղափարախոսությանը համապատասխան քաղաքական ուժ չեն տեսնում:
Լրագրողները հստակեցրեցին, որ սոցիալական կուսակցություն չէ արդյո՞ք Հայ հեղափոխական դաշնակցությունը, որին ի պատասխան նա ասաց. «Ես կպատասխանեմ Ստեփան Շահումյանի խոսքերով, որի հետ համամիտ եմ: Նա ասում էր. «Դաշնակցությունն իրեն կոչում է սոցիալիստական, որպեսզի կռվի սոցիալիստականի դեմ, կոչում է հեղափոխական, որպեսզի կռվի հեղափոխության դեմ»»։
Այս ամենից հետո նա եզրակացնում է, որ մինչև օրս երկրի քաղաքական դաշտը պարզ չի, թե ով, ինչ գաղափարախոսություն է դավանում և ում հետ է համընկնում:
«Կերևա առաջադրումների ժամանակ: Հայաստանի այսօրվա քաղաքական ուժերի վերնախավը մտքում իրեն տեսնում է նախագահ, դժվար այդ ամբիցիաները հնարավոր լինի զսպել, որպեսզի միասնական թեկնածուով հանդես գան»,-ասաց նա և նշեց, որ «ընդդիմությունն արդեն իսկ ցույց տվեց իր դեմքը», երբ «Հարսնաքարի» սպանության գործով արտահերթ նստաշրջան հրավիրելու համար չկարողացավ 44 ստորագրություն հավաքվել:
Վերջում նա ամփոփեց, որ արդարությունը վերցրվում է բռունցքներով, այլ ճանապարհ չկա: «Պետք է արմատական փոխել և գնալ սոցիալական ճանապարհով»,– ասաց ՀԿԿ առաջնորդ Ռուբեն Թովմասյանը:









