Համանախագահները պետք է նախ շփման գծում միջադեպերի նվազեցման ուղիներ գտնեն. քաղաքագետ

12:26 • 19.07.12

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գլխավոր խնդիրը ԼՂ-ի և Ադրբեջանի շփման գոտում միջադեպերի նվազեցման ուղղությամբ մեխանիզմներ գտնելն է, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում այս կարծիքը հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:


Նա նշեց, որ այս հարցում Ադրբեջանի իշխանությունների կողմից դրսևորվող համառությունը և վերջինիս փոխզիջումների չգնալը վրդովվեցնում է Մինսկի խմբի համանախագահներին:


«Մինսկի խումբը մի կողմից փորձում է երաշխիքներ ստանալ, որ ուժ չի կիրառվի ԼՂՀ-ի օդանավերի դեմ՝ օդանավակայանը շահագործելու դեպքում, մյուս կողմից էլ ասում է, թե դրա շահագործումը ֆորմալ առումով չի կարող փոխել ԼՂ կարգավիճակը՝ ստատուս քվոն»,– ասաց նա:

Քաղաքագետը նաև ավելացրեց, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից ԼՂՀ օդանավակայանի շահագործման մասին հայտնած բացասական վերաբերմունքը թեև շատ հասկանալի է, բայց նաև պարզ է, որ նրանք համակերպվել են այդ մտքի հետ:
 

Անդրադառնալով այսօր ԼՂՀ-ում ընթացող նախագահական ընտրություններին՝ Սերգեյ Մինասյանը նշեց, որ դրանք ապացուցում են, որ թեև ԼՂՀ-ն ճանաչված պետություն չէ, բայց այն պետական միավոր է:


«Ես դա շատ կարևոր եմ համարում: Արևմուտքում ոչ ոք չի կարող իր վրա վերցնել այն միտքը, որ ընտրութուններն անօրինական են, քանի որ դա տեղի ժողովրդի իրավունքն է: Իհարկե, մինչ օրս, բացի Հայաստանի Հանրապետությունից չեն ճանաչվել ԼՂՀ ընտրությունները, բայց այս պահին մեզ համար շատ ավելի կարևոր է ԼՂ-ի անվտանգության խնդրի լուծումը»,- նշեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: