Տիգրան Արզաքանցյանը սատարելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, իսկ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն մի օր կհաշտվեն
ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանն առաջիկա նախագահական ընտրություններում սատարելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, իսկ Հայաստանի Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները մի օր կհաշտվեն և քաղաքական կյանքը կընթանա իր հունով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցի ժամանակ ասաց Տիգրան Արզաքանցյանը:
«Նախագահական ընտրությունների ժամանակ ես միանշանակ սատարելու եմ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին: ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի հակամարտության մասին չեմ կարող հստակ բան ասել, քանի որ վերջին ժամանակներս զբաղվում եմ միայն բիզնեսով և չեմ կարողանում հետևել այդ զարգացումներին, բայց միանշանակ կարող եմ ասել՝ լավ կլինի ու ընդհանուր հայտարարի կգան երկու ուժերը»,– ասաց նա:
«Պետք է նշեմ, որ ես ՀՀԿ անդամ եմ, կուսակցության քաղխորհրդի անդամ եմ, չեմ հրաժարվել քաղաքականությունից, և երբ արդեն տեսնեմ, որ իմ երեխաները կարող են ղեկավարել մեր ընտանեկան բիզնեսը, այդ դեպքում ես նորից կառաջադրվեմ (պատգամավոր - Tert.am), սակայն հիմա ես միայն իմ անձնական գործերով եմ զբաղվում»,-ավելացրեց Տիգրան Արզաքանցյանը:
Հարցին, թե վերջինս ինչո՞ւ վաճառեց իրեն պատկանող «Պարամաունտ գոլդ մայնինգ» ՓԲԸ-ի 49%-ը ռուսական «Սբերբանկ Կապիտալ» ընկերությանը՝ ասաց, որ իր ընկերությունը պետք է մտներ միջազգային շուկա, իսկ քանի որ հայկական բանկերը չեն կարողանում ապահովել այն ռեսուրսները, ինչի հնարավորությունն ունեն ռուսական բանկերը, այդ իսկ պատճառով գործարարը եկել է համաձայնության «Սբերբանկ»-ի հետ և կատարվել է գործարքը։
««Սբերբանկ»-ը նայել և տեսել է, որ իմ հետ կարելի է գնալ զարգացման, և նրանք իմ հետ մտել են գործարքի մեջ: Առաջին անգամ է, որ «Սբերբանկ»-ը Հայաստանում ներդրում է կատարում: Այս գործարքի շրջանակներում բացվելու է 450 նոր աշխատատեղ, նոր տեխնիկայով է վերազինվելու և ավելի է մեծանալու արդյունաբերությունը»,– նկատեց նա:
Անդրադառնալով տնտեսության զարգացմանը, նա նշեց, որ լավ տնտեսական մակարդակ ունենալու համար անհրաժեշտ է ունենալ լավ բիզնես մթնոլորտ, ինչը սակայն դեռ բացակայում է։ Այդուհանդերձ, Արզաքանցյանը հուսով է, որ առաջիկայում տնտեսության մեջ դեպի լավը փոփոխություններ կկատարվեն:
«Մոնոպոլիա ասում են, որ կա, սակայն ես դա չեմ տեսել, եթե ինչ-որ մեկն ասում է, որ Հայաստանում կա մոնոպոլիա, թող մտնեն այդ բիզնեսի մեջ, և եթե կլինի մոնոպոլիա, թող փաստով խոսեն, ես դեռ չեմ հանդիպել նման դեպք»,- ասաց Տիգրան Արզաքանցյանը:
Հարցին, թե ի՞նչ փուլում է գտնվում վերջինիս դեմ կատարված մահափորձի քննությունը, Տիգրան Արզաքանցյանը նշեց, որ կան ձերբակալվածներ, կան նաև մարդիկ, ովքեր խուսափել են պատժից, սակայն վերջինս հանցագործների պատիժը թողնում է Աստծուն. «Վերևն Աստված կա, մի օր բոլորը կպատժվեն, հանցագործը հանցագործ է, և երբեք չի խուսափելու պատժից»:
Գործարարն անդրադառնալով «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպին, ինչի հետևանքով սպանվեց երիտասարդ բժիշկ Վահե Ավետյանը։
«Ես միայն շատ խոր ցավ եմ ապրում տեղի ունեցածի և զոհված երիտասարդի համար, իսկ գնահատական տալուց կխուսափեմ: Թիկնապահ ես էլ ունեմ, իմ թիկնապահներին օրենքով ինձ տրամադրում է ոստիկանությունը՝ իմ դեմ կատարված մահափորձից հետո: Թիկնապահներիս մեջ կան մարդիկ, ովքեր ունեն 2 բարձրագույն կրթություն, իսկ նրանք ինձ մոտ աշխատանքի անցնելուց առաջ մի քանի քննություններ և թեստեր են անցնում»,– ասաց նա:
ՀՀ ԱԺ նախկին պատգամավորը նշեց նաև, որ իր բարեգործական հիմնադրամի միջոցներով կատարվում են ահռելի աշխատանքներ. «Գավառ քաղաքում այնպիսի ավտոճանապարհ, ինչպես հիմա է, նույնիսկ սովետական տարիներին չի եղել: Շատ բաներ են կատարվում, շուտով կայք է բացվելու հիմնադրամի վերաբերյալ, որին կծանոթանան բոլորը, թվարկել բոլորի մասին չեմ կարող»,- եզրափակեց Տիգրան Արզաքանցյանը:









