Հեռուստաընկերություններն այսօր գործում են առանց ծրագրային քաղաքականության. Աստղիկ Ավետիսյան
Հայկական ՓԻԱՌ ասոցացիայի գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ Աստղիկ Ավետիսյանի համոզմամբ՝ աններելի է եթերը ցածրորակ հաղորդումներով լցնելը։
«Այսօր հեռուստատեսությունները գործում են առանց ծրագրային որևէ քաղաքականության»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց նա և հստակեցրեց, որ հանրային և մասնավոր հեռուստաընկերությունները պետք չէ դիտարկել մեկ հարթության մեջ:
Մասնագետը նկատում է, որ այսօր հասարակությունը հայտնվել է մի փոսում, որից դուրս գալ, կարծես թե, հնարավոր չէ։ «Դա սերիալային փոսն է, որ չի թողնում մտածելակերպ, ճաշակ ձևավորվի»,- ասաց նա և նշեց, որ մի քանի օր ուսումնասիրելով ողջ «հեռուստազամբյուղը»՝ եզրահանգել է, որ սերիալները գրավել են ամբողջ դաշտը:
Նա, միաժամանակ, չխուսափեց խոսել սերիալների դրական միտումից.«Այսօր որակապես լավ սերիալներ են նկարահանվում։ Բացի այդ, հասարակության այն հատվածը, որը թատրոն չի կարողանում գնալ, նույն սերիալների միջոցով ծանոթանում է հայտնի դերասանների հետ, ուղղակի, պետք է հստակ լինի սերիալների քաղաքականությունը»:
Ըստ նրա՝ յուրաքանչյուր հեռուստաընկերությունում, ընդամենը, մեկ-երկու հաղորդում կա, որոնք դիտարժան են:
«Եթերից մուլտֆիլմերը վերանում են, մանկական, գիտական հաղոդումներ չկան: Մարզերի հիմնախնդիրները՝ պաշտոնական լրահոսով սկսվում և ավարտվում են: Ընդհանրապես, հեռուստաեթերում պաշտոնական լուրերը գերիշխում են, որոնցում մարդու կերպարն իսպառ դուրս է մնացել»,- նկատեց նա:
Ըստ Ավետիսյանի, սա հետևանք է նրա, որ «տեսաբաններն ու գործնական ուժը գործում են առանձին-առանձին»: «Գիտական աշխատանքներ են արվում, որոնք հեռուստաընկերություններին չեն հետաքրքում»,– բացատրեց նա:
Մասնագիտական անհանդուրժողականությունից խուսափելու նպատակով՝ առանց հեռուստաընկերության անունը շեշտելու՝ նա պատմեց, թե մաքուր եթերին վերաբերող հաղորդումներից մեկի ժամանակ, երբ հյուրը ասել է, որ հեռուստատեսությունն ունի դաստիարակիչ գործառույթներ, հաղորդավարը հակադարձել է՝ դա վաղուց էր: Ավետիսյանը փորձում է հասկանալ՝ այդ դեպքում ո՞րն է այսօր հեռուստատեսությունների գործառույթը:
Վերջինս կողմ է եթերի մաքրման համար մասնագիտական խորհրդի ստեղծմանը, որը, ըստ նրա, կզտի, կֆիլտրի և կհեռարձակի լավագույնը:









