Հայաստնի և Վրաստանի խորհրդարանների միջև համագործակցությունը թույլ է եղել. դեսպան
Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը այսօր հանդիպել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ, այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Ողջունելով դեսպանի այցն Ազգային ժողով՝ Հերմինե Նաղդալյանը նշել է, որ երկու եղբայրական ժողովուրդների միջև դեռևս շատ վաղուց ձևավորված սերտ կապերը կասկածի տեղիք երբեք չեն տվել, և այս հադիպումը լավ առիթ է՝ անդրադառնալու նաև միջխորհրդարանական համագործակցությանը, որը սպասվածի չափ ակտիվ չէ:
Թենգիզ Շարմանաշվիլին, շնորհավորելով տիկին Նաղդալյանին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ ընտրվելու կապակցությամբ, նույնպես անդրադարձել է այն իրողությանը, որ վերջին տարիներին երկու խորհրդարանների միջև համագործակցությունը թույլ է եղել այն դեպքում, երբ երկրների նախագահների մակարդակով հանդիպումներ են կայացել, հայ-վրացական հարաբերություններն անցել են սերտացման ճանապարհ: Նա հույս է հայտնել, որ ՀՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի հետ համագործակցելու ավելի շատ առիթներ կլինեն, և հայտնել է իր պատրաստակամությունը՝ անձամբ նպաստելու դրան:
Կողմերն անդրադարձել են հանձնաժողովների մակարդակով միջխորհրդարանական կապերը խորացնելու հարցին, ինչի կապակցությամբ Հերմինե Նաղդալյանը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովում հաջողությամբ գործում է
հայ -վրացական միջխորհրդարանական կապերի հանձնաժողովը, և խնդրանքով դիմել է Թենգիզ Շարմանաշվիլիին՝ նպաստելու, որ ընդլայնվի Վրաստանի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի կազմը, իսկ հնարավորության դեպքում ստեղծվի հանձնաժողով: Տիկին Նաղդալյանը նաև հաջող ընթացք է մաղթել Վրաստանում աշնանը սպասվող խորհրդարանական ընտրություններին:
Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հետաքրքրության այլ հարցերի ևս:









