Տուրիզմի զարգացումը վտանգի տակ է դնում Խոսրովի արգելոցը. բնապահպաններ
Բնապահպանները երեկ այցելել են Խոսրովի արգելոց՝ուսումնասիրելու, թե ի՞նչ հետևանքներ կարող են առաջացնել Խոսրովի արգելոցից դեպի Հավուցթառ սրբատեղի տանող ճանապարհի ընդլայնման աշխատանքները:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նրանցից մի քանիսը ներկայացրեցին տեսածը՝ նշելով, որ չնայած «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Վորոնցով Բարսեղյանը հավատացնում է, որ այնտեղ հակահրդեհային ճանապարհ է կառուցվում, ինչի կառուցման համար ոչ մի ծառ չի հատվել, սակայն բնապահպանները համոզված են, որ տուրիզմի զարգացումը վտանգի տակ է դնում արգելավայրը և վերջինիս կենսաբազմազանությունը:
«Հանուն կայուն զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը նշեց, որ «Խոսրովի անտառ» կատարած այցի մասնակիցները, որին, ի դեպ մասնակցել է նաև Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը, հայտնել են իրենց մտահոգությունները և միասին քննարկել լուծումներ:
«Նոր ընդլայնված ճանապարհը հնարավորություն կստեղծի, որ ավելի շատ մեքենաներ մտնեն անտառ: Հիմնական կարծիքն այն էր, որ պետք չէ այդ ճանապարհն ընդլայնել, ռիսկը բարձրանում է, որ արգելավայրն ավելի մատչելի կլինի»,- նկատեց Դանիելյանը:
Բնապահպանը նշեց, որ փոխնախարարի հետ որոշվել է քննարկել Խոսրովի արգելոցում վերահսկողություն իրականացնելու հարցը,և որ այդ նպատակով պետք է ստեղծել մասնագետների խորհուրդ:
«Ամեն ինչ քննարկվեց, քարտեզը դրեցինք և քննարկեցինք բոլոր արահետները, թե որտեղ, ինչ պետք է արվի, ո՞ր հատվածները բացել էկոտուրիզմի համար, որը, ընդհանրապես, փակել: Դեռ քննարկումները կշարունակվեն այս ուղղությամբ: Պայմանավորվեցինք, որ Գիտությունների ակադեմիայում մասնագետներից ստեղծված խորհուրդ ձևավորվի, որը օպերատիվ կհսկի այդ տարածքները, ինչպես Սևանի հանձնաժողովի հարցում էր»,- ասաց նա:
Կարինե Դանիելյանը նշեց, որ ճանապարհին իրենք տեսել են խորովածի պատրաստման տեղեր՝ քարերով կառուցված, որի համար բարձրաձայնել են, ասելով, որ արգելոցում չի կարելի նման «հարմարություններ» ստեղծել: Փոխնախարարի միջամտությամբ այն քանդվել է և արգելվել:
Կարինե Դանիելյանը նշեց, որ հիմնական քննարկումը վերաբերել է Գիլանի արգելոցի տարածքում հայտնի զվարճանքի կենտրոնի ստեղծմանը: Ըստ նրա, եթե բնապահպանների հիմնական մասը դեմ էր կառույցի գոյությանը, որն այսօր չի գործում, ապա Դանիելյանն առաջարկում էր կառույցը չքանդել և վերածել պահպանվող տարածքների համար գիտական նշանակության կենտրոնի:
Սակայն նա հասկանում է նաև բնապահպանների դեմ լինելու հանգամանքը, ովքեր վախենում են, որ մի օր կրկին այն ուտել-խմելու կենտրոնի կվերածվի, ինչպես, ըստ նրանց, եղավ Արագածի լանջի գիտական կենտրոնների հետ, որոնք այսօր դարձել են խաշի օբյեկտներ: Բնապահպանը նշեց, որ ՀԿ-ների քննարկումը կշարունակվի և իրենք կհանգեն հստակ որոշման:
Քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի տեղեկացմամբ, Գիլանի կենտրոնը պատկանում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Սաֆարյանն ասաց, որ իրենք հայտարարել են՝ ապամոնտաժող բրիգադը պատրաստ է քանդելու կառույցը, բայց նաև նշեց, որ իրենք պատկան մարմիններին ժամանակ են տվել ասելով՝ կհամբերեն, բայց եթե չքանդեն, ապա բնապահպանները որպես երկրի տերեր՝ ինքնուրույն կքանդեն:
«Էկոլոգիական» հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը նշեց, որ Կառավարությունը նպատակ ունի արգելավայրերում զարգացնել էկոտուրիզմը, ինչին ինքը թեև դեմ չէ, սակայն գտնում է, որ խնդիրը նրանում է, որ դա արվում է ոչ ճիշտ կառավարումով. «Քննարկմանը կար տեսակետ, որ արգելավայրը թեև արդեն կուսական վիճակում չէ, բայց պետք է թողնել, որ բնությունը շտկի բացթողումները, և ընդհանրապես, արգելենք այս տարածքում էկոտուրիզմ զարգացնելը: Կար տեսակետ՝ մասամբ օգտագործել»:
Բնապահպանական հարցերի մեկնաբան-լրագրող Գալուստ Նանյանի կարծիքով, արգելոցում մեծ գումարներ են ծախսվել , մասնավորապես, գրանտների հաշվին և այսօր Կառավարությունն ուղղակի մտածում է՝ ինչպե՞ս այն վերադարձնել: Նա նշեց, որ պետք է հետևել հարևան երկրների օրինակին և էկոտուրիզմ զարգացնել ազգային պարկերում և ոչ թե արգելոցներում: Նա տեղեկացրեց, որ Հայաստանում կա 3 ազգային պարկ և 30-ի հասնող արգելավայրեր: Ապա հիշեցրեց՝ արգելոց նշանակում է վայր, ուր արգելվում է մարդու մուտքը:
«Խոսրովը որպես արգելոց պատմական հուշարձան է, Խոսրով թագավորն անտառ չէր տնկում, որ 21-րդ դարում զվարճանքի կենտրոն դարձնեն»,- ասաց Գալուստ Նանյանը:









