ԵՊՃՀ–ում հիմնական մրցակցությունն ընթացել է ՏՏ մասնագիտությունների համար

11:58 • 20.07.12

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ԵՊՃՀ) այս տարի մրցակցությունը հիմնականում ընթացել է տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագիտությունների տեղերի համար, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը։


«Հիմնական մրցակցությունը կիբեռնետիկա և կոմպյուտերային համակարգի ֆակուլտետում էր»,- ասաց նա և ավելացրեց, որ թափուր տեղեր ունեն երեք ֆակուլտետներում՝ քիմիատեխնոլոգիական ֆակուլտետ, լեռնաարդյուանբերության ֆակուլտետ և մեխանիկայի և մեքենագիտության ֆակուլտետ:


Ըստ ռեկտորի՝ ընդունելության համար բուհը հատկացրել էր 1286 տեղ, որոնցից 243 պետպատվերի շրջանակներում: Առաջին հայտով ԵՊՃՀ դիմորդների թիվը կազմել է 1302:


«Այս թիվը ցույց է տալիս, որ առաջին հայտով դիմողների թիվն ավելի էր, քան նախատեսված տեղերը»,-ասաց Արա Ավետիսյանը և նշեց, որ ընդհանուր առմամբ ԵՊՃՀ ընդունվելու համար իրենց հայտերում նշել էին 4232 դիմորդ։


«Արդյունքում Պոլիտեխնիկ է ընդունվել 1170 դիմորդ, որոնց գերակշիռ մասը առաջին հայտով դիմողներն են, այսինքն՝ բացի 53 դիմորդից մյուսները առաջին հայտատուներն էին»,- ասաց նա և հիշեցրեց, որ հայտարարված է երկրորդ հայտագրման փուլը, որին մասնակցելու համար այս պահին կա 35 դիմորդ:


Արա Ավետիսյանը նշեց, որ բուհն այս տարի երեք նոր մասնագիտություններով ընդունելություն է կազմակերպել՝ ատոմակայանի և դրանց տեխնիկական սպասարկում, էներգետիկայի ավտոմատացում՝ էներգետիկայի ֆակուլտետում և սննդի անվտանգության տեխնոլոգիաներ քիմիա տեխնոլոգիա ֆակուլտետում: