Հուլիսի 23-ին տեղի կունենա «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլի բացումը
ՀՀ սփյուռքի նախարարությունում հուլիսի 23-ին՝ ժամը 10:00-ին, տեղի կունենա «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլի բացումը, որին կմասնակցի 220 պատանի և աղջիկ՝ Ֆրանսիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Արգենտինայից, Ավստրալիայից, ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Ուկրաինայից, Բելառուսից, Էստոնիայից, Վրաստանից, Ղազախստանից, Իրաքից, Իրանից, Սիրիայից (Վ. Սարգսյան 26/1, «Էրեբունի պլազա», 9-րդ հարկ, «Էրեբունի» սրահ):
Ըստ Սփյուռքի նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության՝ մասնակիցներին կողջունի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նույն օրը արիտունցիները կայցելեն Երևանի պատմության թանգարան, ապա կմեկնեն Օշական, ծաղիկներ կդնեն Մեսրոպ Մաշտոցի շիրմին և կլինեն Մուղնիում:
Ծրագրի նպատակն է` աշխարհասփյուռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել հայրենիքը, նրանց մեջ սերմանել ազգային ինքնության գիտակցություն, ծանոթացնել իր ժողովրդի ավանդույթներին ու սովորույթներին, հայ ընտանիքին, հայ մարդու հոգեկերտվածքին, աջակցել Հայաստան-Սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային մերձեցմանը:









