Արմեն Տեր-Սահակյանի քրեական գործը ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում է. Գլխավոր դատախազություն

19:00 • 20.07.12

Արմեն Տեր Սահակյանի քրեական գործը, որը 53 հատորից է բաղկացած չի կորել, այն գտնվում է հատուկ քննչական ծառայության վարույթում, քանի որ այդ գործով դեռևս կան հետախուզվողներ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը:


«Այդ հայտարարությունները, որ գործը «թևի տակ դրած, դատարանից դատարան գնալիս կորել է», ոչ կոռեկտ, ուղղակի արհեստական աղմուկ ստեղծելուն միտված, բամբասանքի մակարդակի հայտարարություններ են, որոնց անդրադառնալուց առաջ հարկ է պատշաճ ստուգել այդ հայտարարություններին առնչվող փաստերի արժանահավատությունը պատկան մարմիններից»,- ասաց Շահեն Տոնոյանը:


Հիշեցնենք, որ օրեր առաջ գրող Սերգեյ Գալոյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Արմեն Տեր-Սահակյանի քրեական գործը կորել է, որտեղ էլ կա հատուկ առանձնացված գործ՝ ՀՀ Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի վերաբերյալ:


Սերգեյ Գալոյանի հայտարարությունից հետո ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ ծառայության պետ Արսեն Բաբայանը Tert.am-ին ասել էր, որ Վանո Սիրադեղյանի և Արմեն Տեր-Սահակյանի գործը չի կորել:


«Ոչ մի քրեական գործ չի անհետացել, դրանք երկուսն էլ կան: Արմեն Տեր-Սահակյանի քրեական գործը 2005 թվականից դատախազության պահանջով գտնվում է ՀՀ գլխավոր դատախազությունում, իսկ Արմեն Տեր-Սահակյանի գործից առանձնացված Վանո Սիրադեղյանի քր. գործը կասեցված է, քանի որ Վանո Սիրադեղյանը գտնվում է փախուստի մեջ, և նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում»,-ասել էր Արսեն Բաբայանը, իսկ ՀՀ գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանն էլ նշել էր, որ Արմեն Տեր Սահակյանի գործը դատախազությունում չի գտնվում: