Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրն անդրադառնալու է տնտեսության բոլոր ոլորտներին. Էկոնոմիկայի նախարար

11:47 • 20.07.12

Այսօր ԵՄ խորհրդատվական խումբը ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ կազմակերպել էր սեմինար՝ նվիրված ԵՄ-ի և Հայաստանի միջև խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ձևափոխման շուրջ բանակցային գործընթացի հնարավոր մարտահրավերներին և վերջինիս ընձեռած հնարավորություններին:


Հրավիրված սեմինարում ելույթ ունեցավ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ով նշեց, որ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը, որը պետք է կնքվի բանակցային փուլի ավարտից հետո, մեծ նշանակություն ունի հայաստանյան տնտեսության, հայ արտադրողների և մեր երկրի համար:


«Համաձայնագիրը խորը և համապարփակ է, որն անդրադառնալու է մեր երկրի տնտեսության բոլոր ոլորտներին: Այն ստեղծելու է նոր իրավիճակ և նոր հնարավորություններ մեր տնտեսության համար և, հատկապես այն հատվածի համար, որն ունի արտահանման խնդիր»,– ասաց նա:


«Տնտեսության այդ մասը մեզ համար շատ կարևոր է, քանի որ մեր շուկան բավական սահմանափակ է և մեր տնտեսության ապագան, միանշանակորեն, կապվում է արտահանման հնարավորությունների մեծացման հետ»,- ավելացրեց նախարարը:


Տիգրան Դավթյանը հույս հայտնեց, որ առաջիկա մի քանի տարիների ընթացում բանակցություններն իրենց արդյունքը կտան և ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիրն իրականություն կդառնա:


Անդրադառնալով հարցին, թե այսօր ի՞նչ է արտահանում Հայաստանը և ի՞նչ դիրք ունի միջազգային շուկայում, նախարարը պատասխանեց. «Մենք արդեն բավականին շոշափելի ծավալով արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ: Դա և՛ սննդի վերամշակումն է, և՛ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներն են, և՛ արդյունաբերության ոլորտը»:


«Համոզված եմ, որ այս ոլորտները կընդլայնվեն: Մենք ունենք բավական մեծ պոտենցիալ, իսկ եվրոպական շուկան բավական ընդգրկուն է՝ նաև աշխարհի խոշորագույն շուկաներից, որն ունի բարձր գնողունակություն: Կարծում եմ, որ մեր ընկերությունները այդ՝ բավականին տարողունակ շուկայում կգտնեն այն հատվածները, որտեղ մենք կկարողանանք իրացնել մեր ապրանքատեսակները»,-ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Օննո Սիմոնսը նշեց, որ համաձայնագրի ստորագրման համար նախ և առաջ անհրաժեշտ է, որ ամբողջ հայկական արտադրությունը, սանիտարական նորմերը մոտեցվեն եվրոպական ստանդարտներին:


«Դա կարևոր է և՛տնտեսության, և՛ սարքավորումների զարգացման առումով: Ամբողջ արտադրական սարքավորումները պետք է բարձրացնեն իրենց մակարդակը»,- ասաց նա:


Հարցին, թե պարոն Սիմոնսի կարծիքով որքա՞ն ժամանակ է հարկավոր ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր ստորագրելու համար, վերջինս նշեց, որ ամեն ինչ կախված է Հայաստանց։

«Երբ Հայաստանը պատրաստ կլինի, դա ավելի շատ կախված է Հայաստանում բարեփոխումների իրականացման արագությունից: Սա, բնականաբար, մի քանի ամսվա հարց չէ»,- ասաց նա և ավելացրեց, որ իրենք ուզում են համոզված լինել, որ Հայաստանում արտադրությունը բարձր որակի է և անվտանգ՝ տեղի ու Եվրոպայի սպառողի համար: