Բուլղարիայի ահաբեկչական հարձակման մեջ «Հեզբոլահի» հետք կա. Պենտագոն (տեսանյութ)

22:06 • 20.07.12

Լիբանանյան «Հեզբոլահ» շարժումը կարող է ներգրավված լինել Բուլղարիայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման մեջ, որի ժամանակ զոհվել է 6 և վիրավորվել 35 մարդ, կարծում է ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջորջ Լիթլը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:


Հուլիսի 18-ի երեկոյան մահապարտ ահաբեկիչը պայթեցրել էր Իսրայելից ժամանած զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը Բուրգաս քաղաքի «Սարաեովո» օդանավակայանում:


«Կատարվածում «Հեզբոլահի» հետքն է նշմարվում, սակայն մենք դեռ չենք կարող հստակ ասել, թե ով է դրա հետևում կանգնած», - ասել է այսօր Պենտագոնի ներկայացուցիչը:


Հիշեցնենք, որ ահաբեկչությունից քիչ անց Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իրանին և «Հեզբոլահ»-ին էր մեղադրել ահաբեկչության կազմակերպման մեջ և խոստացել էր «պատասխանել ողջ ուժով»:


Իր հերթին «Հեզբոլահ»-ը հերքել էր կազմակերպության մասնակցությունը ավտոբուսի պայթյունին:

«Մեր հասցեին Իսրայելի մեղադրանքները ծիծաղ են առաջացնում: Մեր շարժումը զբոսաշրջիկների դեմ պայքար չի մղում»,- հայտարարել էր շարժման ներկայացուցիչը:

 

Իսկ Իրանի ղեկավարությունը Իսրայելի մեղադրանքները «անհեթեթ» էր անվանել: