Հայաստանում մասնավոր բուհերում սովորելու ցանկություն է հայտնել ընդամենը 26 դիմորդ

13:06 • 20.07.12

Այս տարի Եվրասիա միջազգային համալսարան է դիմել երեք դիմորդ, իսկ Հայաստանում, ընդհանուր առմամբ, մասնավոր բուհերում սովորելու ցանկություն են հայտնել 26 դիմորդներ, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Եվրասիա համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը:

 

Վերջինս նկատեց, թե չկա պետական բարենպաստ ծրագիր, որպեսզի դիմորդներն իրենց մոտ սովորելու ցանկություն ունենան:

 

«Հիմա մեր բուհ ընդունվողների ծնողների մոտ կա ինքնահաստատվելու խնդիր և նրանք միմիայն ցանկանում են, որ իրենց երեխաները դառնան ուսանող և այն էլ՝ պետական բուհերում, դրա համար էլ չեն գալիս մեզ մոտ սովորելու»,- նշեց Սուրեն Օհանյանը:

 

Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մհեր Մելիքբախշյանն էլ նկատեց, թե Մանկավարժական համալսարան է ընդունվել 1532 դիմորդ, իսկ 117 թափուր տեղերի համար արդեն իսկ դիմել են 52-ը:

 

«Մեզ մոտ այս տարի չի եղել դիմորդների խնդիր, 117 թափուր տեղ ունենք, սակայն լրացուցիչ քննությունների արդյունքում մյուս տեղերն էլ կլրացվեն, արդեն իսկ ունենք 52 դիմորդ՝ լրացուցիչ ընդունելության համար»,- ասաց Մհեր Մելիքբախշյանը:

 

Վերջինս նշեց, որ մանկավարժական համալսարանում թափուր տեղեր են մնացել միայն քիմիայի ֆակուլտետում, իսկ աշխարհագրություն և կենսաբանություն առարկաների համար նախկինի նման թափուր տեղեր չկան:

 

Հիշեցնենք, որ այս Հայաստանում տարի ընդունելության քննությունները տեղի են ունեցել հունիսի 2-ից մինչև հուլիսի 8-ը։