Նախագահի՝ ընդդիմության միասնական թեկնածու Հայրիկյանը տեսնում է իրեն
Լուսանկարը՝ Armenpress Photo–ի
«Ազգային ինքնորոշում միավորում» (ԱԻՄ) կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը 2013թ. նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածուով գնալը հնարավոր է համարում միայն մեկ դեպքում։
«Ես միանալու փորձ ունեմ, տեղը զիջելու փորձ, բայց միշտ ծրագրերի հետ են կապված եղել իմ որոշումները: Եթե իմ ծրագրերից ավելի լավը կներկայացնեն՝ կլինեն լավ հայ, հայ ժողովրդի ճակատագիրը լավ պատկերացնող մարդիկ՝ ես կխորհրդակցեմ: Միավորող կարող են լինել միայն ծրագրերը»,– ասաց նա:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Հայրիկյանը հիշեցրեց, որ ինքը 1996թ. ոչ միայն հանեց իր թեկնածությունը, այլ հենց ինքը կարողացավ բոլորին միավորել մեկ թեկնածուի շուրջ:
Միևնույն ժամանակ, Հայրիկյանը՝ որպես ընդդիմության միասնական թեկնածուի լավագույն տարբերակ տեսնում է հենց իրեն և նշում, որ նույն ընդդիմադիր կուսակցությունների հայտարարությունները վերլուծելով, հասկանում է, որ բոլորից լավն ու համապատասխանն ինքն է:
Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցչի արտահայտած այն մտքին, թե անհրաժեշտ է փորձառու քաղաքական գործիչ, Հայրիկյանը հարցնում է. «Իսկ կա՞ ինձնից ավելի փորձառու մարդ»:
Հայրիկյանը համոզված է, որ ինքը համապատասխանում է նաև Հայ հեղափոխական դաշնակցության առաջ քաշած չափանիշներին:
«Հայրիկյանը խոսում է նախագահի պաշտոնի մասին միայն 2-3 տարվա համար, որ կառուցեմ երկու տարում ու դրանից հետո կհեռանամ: Երբ ես դառնամ նախագահ, այդ պաշտոնը վերացնելու եմ, ժողովուրդն էլ ընտրելու է վարչապետին»,- ասաց նա և հավաստիացրեց ՀՅԴ-ին, որ ինքն աթոռի համար չի պայքարում:
Հայրիկյանը նույնիսկ «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի թեկնածուի հավակնորդ է համարում իրեն, եթե, ըստ նրա, հաշվի առնվեն ՀԱԿ-ի, որոշ գործիչների՝ նախկինում արված հայտարարությունները: «Ես այդ հնարավորությունը տալիս եմ, մնացածն իրենց գործն է: Ես վերացականորեն չեմ երազում, գիտեմ ինչ եմ արել և ինչ կարող եմ անել»,-ասաց նա:
ԱԻՄ առաջնորդը ընդդիմությանը հիշեցնում է, թե ով էլ հաղթի ընտրություններում՝ դրության տերը չի լինելու:
«Ով ասում է ընդդիմության միասնական ճակատ ստեղծենք, նա կամ միամիտ է, կամ խաբեբա: Դրության տերը մնալու է Սերժ Սարգսյանը, քանի որ խորհրդարանական ընտրություններին մեծամասնություն հենց ՀՀԿ-ն է կազմել»,- ասաց նա։
Հայրիկյանի խոսքով՝ նախագահական ընտրություններից հույսեր կապողները կա՛մ գերագնահատում են իրենց հնարավորությունները, կա՛մ էլ նույն ավազակապետության հերթական շարասյունն է լինելու, ովքեր «քրեական ուղղվածությամբ» են հարցեր լուծելու:
ԱԻՄ առաջնորդը բացատրում է, թե ինչ տեղի կունենա, եթե ինքը դառնա նախագահ. «Հայրիկյանը դարձավ նախագահ, կասի՝ միասնական ուղղագրություն ունենալ, լեզվի մասին օրենքում փոփոխությունը կուղարկի պառլամենտ, այստեղ չի ընդունվում: Հետո, անվտանգության ծառայությանը պատվիրում է հետաքրքրվել բոլոր անդամներով, ապա նրանց սպառնում, որ ընդունվի»:
Հայրիկյանը հստակեցրեց, որ ԱԻՄ-ը որոշում չի կայացրել նախագահական ընտրություններում իր մասնակցության հարցի շուրջ, այլ դա ինքն է որոշել՝ իր համար՝ շատ լավ հասկանալով, որ ընտրվողը միայն բարոյաքաղաքական լծակներ է ունենալու:
Պարույր Հայրիկյանը նաև բացատրեց, թե ինչու ԱԻՄ-ը չմասնակցեց ԱԺ ընտրություններին։ «Եթե մասնակցեի, ոնց էլ չլինի 5% կհավաքեի, բայց մանր-մունր հարցերով չեմ ուզում զբաղվել»,- եզրափակեց նա:









