Ընդդիմության ներկայացուցիչ Վիտալի Բալասանյանի հավաքած ձայները բավական լուրջ են. Ալեքսանդր Իսկանդարյան

13:13 • 20.07.12

Ըստ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում երեկ կայացած հերթական նախագահական ընտրությունները ավելի հետաքրքիր են, ոչ թե այն տեսանկյունց, թե ով ինչ արձագանք է տալիս, այլ այն, թե այն ինչ է տալիս: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին նա նշեց, որ ԼՂՀ-ում ընդդիմության ներկայացուցիչը կեղծ չէր և պայքարը լուրջ էր:

 

«Ընդդիմությանը հաջողվեց հնարավորին չափով միավորվել: Ընդդիմության ներկայացուցիչ Վիկտոր Բալասանյանի հավաքած ձայները բավական լուրջ են: Դա երկու անգամ ավելին է, քան նախորդ ընտրություններում հավաքել էր ընդդիմության ներկայացուցիչը: Հինգ կուսակցություններից ոչ մեկը չսատարեց ընդդիմադիր գործչին, թեև դա արեցին մի քանի պատգամավորներ»,- ասաց նա:


Հիշեցնենք, որ երեկ ԼՂՀ-ում անցկացված նախագահական ընտրությունների նախնական տվյալներով 66.7%-ով հաղթանակ է տարել ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը։ Երկրորդ տեղում է Վիտալի Բալասանյանը, ով, ըստ նախնական տվյալների, հավաքել է ընտրողների 31.4%–ի վստահության քվեն, իսկ Հայաստանի Ագրարային համալսարանի Արցախի մասնաճյուղի ուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Սողոմոնյանը, նախնական տվյալներով, 0.9% ձայն է հավաքել:


Քաղաքագետը նշեց, որ ընդդիմության առկայությունը դրական ազդեցություն է ունենում Արցախի քաղաքական զարգացումների վրա և ցույց է տալիս, որ Արցախի քաղաքական միջավայրը փոփոխության է ենթարկվում: Այդ հանգամանքը նա ընտրություններից ստացած ամենալավ դասը համարեց:


«Իհարկե ընտրությունների ժամանակ խնդիրներ եղել են, օգտագործվել են ադմինիստրատիվ ռեսուրսները, դրանից լիովին խուսափել հնարավոր չէ: Բայց ոչ մի սարսափելի բան չի պատահել: Ընդդիմությունը շահել է երեք խոշոր քաղաքներում՝ Մարտակերտ, Ասկերան ու Մարտունի: Երեկ հայտարարություն եղավ, թե բռնություն է եղել քաղաքներից մեկում և սրանից բացի, ոչ մի բան չի կատարվել»,-ասաց Իսկանդարյանը:


Հարցին, թե ինչով էին տարբերվում ԼՂՀ ընտրությունները ՀՀ-ում անցկացվող ընտրություններից, քաղաքագետը նշեց, որ դժվար է իրար հետ համեմատել Հայաստանի ու ԼՂՀ-ի ընտրությունները այնպես, ինչպես դժվար է դրանք համեմատել օրինակ՝ Իտալիայի ու ԱՄՆ-ի դեպքում և այլն:


«ԼՂՀ-ն փոքր է, մարդկանց կապերը ավելի սերտ են և այնտեղ շատ ավելի հեշտ է աշխատել հասարակության հետ: Եթե Հայաստանում անհրաժեշտ է լրատվական միջոցների միջոցով տարածել գաղափարներ, ԼՂՀ-ում մի հատ հանրահավաքի միջոցով բոլորին կարելի է ցանկացած բան իրազեկել: Բայց երկու պետություններն էլ գտնվում են քաղաքական համակարգի զարգացման նույն փուլում: Ինչպես այսօր Հայաստանի խորհրդարանում տեսնում ենք բոլոր քաղաքական ուժերին, այնպես էլ այսօր այդ հնարավորությունը ունի ԼՂՀ-ն»,-ասաց քաղաքագետը: