«Դենվերյան հրաձիգի» բնակարանը ականապատված է (տեսանյութ)

21:28 • 20.07.12

Ամերիկացի Ջեյմս Հոլմսը, ով այսօր ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի Ավրորա քաղաքի սպանել է 14 և վիավորել 50 մարդու, նաև ականապատել է իր բնակարանը, այս մասին հաղորդում է Associated Press-ը` հղում կատարելով Ավրորա քաղաքի ոստիկանապետին:

 

Ոստիկանների խոսքով, պայթուցիկն այնքան բարդ կառուցվածք ունի, որ ականազերծումը մի քանի ժամից մինչև մի քանի օր կարող է տևել: Պայթուցիկի տեսակի և քանակի մասին չի հաղորդվում:

«Դենվերյան հրաձիգի» բնակարանը գտնվում է բազմաբնակարան շենքի 3-րդ հարկում: Այն ուսումնասիրելու համար ոստիկանները հրշեջ մեքենայի սանդուղք են օգտագործել և երկար ձողի վրա ամրացված տեսախցիկով նկարահանել բնակարանի ներսը:


Ավրորա քաղաքի մի ամբողջ թաղամաս, որտեղ գտնվում է հանցագործի բնակարանը, տարհանվել է: Հոլմսի տան և կինոթատրոնի միջև ավելի քան 6 կմ հեռավորություն կա:

 

Հանցագործն իր բնակարանը ականապատված լինելու մասին հայտարարել է, երբ ոստիկանները նրան ձերբակալել են կինոթատրոնի ավտոկանգառում:


Հիշեցնենք որ, ողբերգությունը տեղի էր ունեցել Բեթմենի մասին «Մութ ասպետ» ֆիլմի պրեմիերայի ժամանակ: Վկաների պատմելով` հանցագործը եղել է ամբողջությամբ սևազգեստ, սաղավարտով, զրահապատ բաճկոնով ու հակագազով: Ֆիլմի սկսվելուց 30 րոպե անց նա արցունքաբեր գազով նռնակներ է նետել դահլիճ, ապա կրակ է բացել մարդկանց ուղղությամբ: