ՀՀ իշխանությունները փորձում են խոչընդոտել սիրիահայ փախստականների մուտքը Հայաստան. ՀԱԿ

19:02 • 20.07.12

«Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքը տարածել է հայտարարություն, որում արտահայտվում է մտահոգություն սիրիահայության անվտանգության առնչությամբ, մեղադրելով ՀՀ իշխանություններին՝ սիրիահայ փախստականների մուտքը Հայաստան խոչընդոտելու հարցում:


Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը.


Սիրիայում արդեն տևական ժամանակ զարգացող կոշտ հակամարտությունը կառավարության ու նրանից դժգոհ ուժերի միջև վերածվել է իրական քաղաքացիական պատերազմի։ Կյանքի համար անապահովության մթնոլորտում է հայտնվել, բնականաբար, նաև Սիրիայի հայկական համայնքը։

 

Վաղուց կանխատեսելի էր իրադարձությունների այսօրինակ ընթացքը և կանխատեսելի էր, որ նման դեպքում Սիրիայում վտանգված մեր հայրենակիցները իրենց հայացքը պետք է առաջին հեթին հառեին դեպի Հայաստան։

 

Հայաստանի իշխանությունները, ինչպես պարզվում է, այդ ուղղությամբ ամենաչնչին նախապատրաստությունն անգամ չեն տեսել։ Ավելին, նրանք անուղղակի ձևով փորձում են խոչընդոտել, դժվարացնել սիրիահայ փախստականների մուտքը Հայաստան։ Այդ տիպի անամոթ մի քայլ է «Արմավիա» ընկերության կողմից ինքնաթիռի տոմսերի գնի կտրուկ բարձրացումը։ Սիրիահայերի ողբերգության, ծան պահին նրանց սատար կանգնելու հարցում ոչ մի կերպ չի նկատվում նաեւ Հայ Առաքելական եկեղեցու որեւէ նախաձեռնություն։

 


«Հայ Ազգային Կոնգրես»-ը դատապարտում է վարչախմբի հանցավոր ու ամոթալի գործելակերպը, պահանջում է շատ արագ մշակել ու իրականացնել համարժեք միջոցառումներ, ընդհուպ՝ կարիք ունեցողներին անվճար Հայաստան տեղափոխելու, նրանց կենցաղը այստեղ կազմակերպելու գործում: