Լիբանանահայ 19 աշակերտ LՂՀ-ում կմասնակցեն «Ասպետ» ճամբարին
Լիբանանի հայկական դպրոցների երկրորդական վարժարանների ավարտական դասարանների 19 աշակերտ երեկ երեկոյան մեկնել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն` մասնակցելու ավանդական դարձած «Ասպետ» ռազմամարզական ճամբարին, որը կանցկացվի Արցախի Այգեստան գյուղում:
Ինչպես տեղեկացնում է լիբանանյան «Ազդակ» օրաթերթը, արդեն երրորդ տարին է, որ «Արցախ ֆոնտ»-ի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համագործակցությամբ ու վերջինիս հրավերով՝ Լիբանանի հայկական դպրոցների աշակերտներին ընձեռվում է նման հնարավորություն՝ մեկնել Արցախ և մասնակցել հիշյալ ծրագրին։
Ճամբարի գործունեության շրջանակներում, լիբանանահայ վարժարանների ավարտական դասարանների աշակերտներն առիթ կունենան կապ հաստատելու իրենց տարեկից արցախցի երիտասարդների հետ` մասնակցելով զանազան միջոցառումների, ծանոթանալով Արցախի պատմական ու մշակութային արժեքներին, կայցելեն բանակի զորամասեր, ուր տեղում կծանոթանան հայ զինվորի առօրյային:
Ինչպես նկատում է «Ազդակ»-ը, այս ամենին զուգահեռ լիբանանահայ երիտասարդներն Արցախում իրենց իսկ ներկայությամբ, առիթ կունենան մեկ անգամ ևս հաստատելու, որ սփյուռքահայությունը և, հատկապես, լիբանանահայությունը զորավիգ է արցախահայությանն ու ակտիվ մասնակիցը Արցախի պետականության ամրապնդման ու հզորացման:
Տեղեկացնենք, որ «Ասպետ» ռազմամարզական ճամբարին մասնակից լիբանանահայ երկրորդական վարժարաններն են.
- Համազգայինի Մ. և Հ. Արսլանյան ճեմարան
- Ազգային Եղիշե Մանուկյան քոլեջ
- Ազգային Լ. և Ս. Յակոբյան քոլեջ
- ՀԲԸՄ-ի Դ. Յակոբյան-Յովակիմյան Մանուկյան վարժարան
- Հայ կաթողիկե Մեսրոպյան բարձրագույն վարժարան
- Հայ կաթողիկե «Գ. Հարպոյեան» բարձրագույն վարժարան
- Հայ Ավետարանական քոլեջ
- Ազգային «Յառաջ-Գ. Կիւլպենկեան» վարժարան









