ԼՂՀ ընտրություններն անցել են ավելի ժողովրդավար ընթացքով, քան տարածաշրջանի այլ երկրներում. «Ժառանգություն»
«Ժառանգություն» կուսակցությունը տարածել է հայտարարություն, որում արձանագրելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի արդեն հինգերորդ ընտրությունների կայացման փաստը, ջերմորեն շնորհավորում է Արցախի ժողովրդին՝ պետականության կերտման ճանապարհին այդ կարևոր հանգրվանի կապակցությամբ: Հայտարարությունում ասված է.
«Ընտրությունները Լեռնային Ղարաբաղում ժողովրդին երկպառակտության չեն մատնել և չնայած որոշ թերությունների, անցել են ավելի ժողովրդավար ընթացքով, քան տարածաշրջանի այլ երկրներում, ինչը թույլ է տալիս բեղուն ու ազգաշահ գործունեություն մաղթել վերընտրված նախագահ Բակո Սահակյանին և արժանին մատուցել իր մասնակցությամբ նախագահական ընտրարշավը ազատ և ժողովրդավար մրցակցության վերածած և ծանրակշիռ ձայներ ստացած թեկնածու Վիտալի Բալասանյանին»:
«Ժառանգություն»-ը նաև կոչ է անում, որ ընտրությունների ավարտից հետո և´ նախագահը, և´ նրա մրցակիցը մեկտեղեն ջանքերը Արցախի անվտանգության և ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ՝ հանուն երկրի ապագայի և անկախության ճանաչման:









