Հայ-լիբանանյան հարաբերություններն ավանդաբար աչքի են ընկել բարձր մակարդակով. Տարոն Մարգարյան

15:58 • 20.07.12

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Խաչադուրյանի հետ, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

Շնորհավորելով մեր հայրենակցին կարևոր առաքելություն ստանձնելու կապակցությամբ` քաղաքապետը հույս է հայտնել, որ հայ-լիբանանյան հարաբերություններն ավելի կամրապնդվեն, իսկ Երևանի ու Բեյրութի միջև համագործակցությունն էլ կընդլայնվի:

 

«Հայ-լիբանանական հարաբերություններն ավանդաբար աչքի են ընկել բարձր մակարդակով և արդեն 12 տարի է, ինչ Երևանն ու Բեյրութը քույր քաղաքներ են: Կարծում եմ, կան փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներ երկկողմ համագործակցության ակտիվացման համար: Երևանի քաղաքապետարանը շահագրգռված է աշխուժացնել կապերը Բեյրութի քաղաքապետարանի հետ և իրականացնել փորձի փոխանակման ծրագրեր` ենթակառուցվածքների, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման ուղղությամբ»,- նշել է քաղաքապետը:

 


Ներկայացնելով մայրաքաղաքի համաչափ զարգացման համալիր ծրագիրը` Տարոն Մարգարյանը շեշտել է, որ Երևանում ձևավորված բիզնես միջավայրը բարենպաստ է ներդրումային ծրագրերի իրականացման համար և քաղաքապետարանը պատրաստակամ է քննարկելու փոխշահավետ ծրագրեր:


Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Արա Խաչադուրյանը բարձր է գնահատել քաղաքապետ Տարոն Մարգարյանի ջանքերը մայրաքաղաքի բերակարգման ու զարգացման գործում և նկատել, որ փոփոխություններն ու ցուցաբերվող հոգատարությունը քաղաքի նկատմամբ ակնհայտ է: Լիբանանի գործերի ժամանակավոր հավատարմատարը նաև պատրաստակամություն է հայտնել աջակցելու համատեղ ծրագրերի իրականացմանը:

 

Տարոն Մարգարյանն իր հերթին նշել է, որ համագործակցության ընդլայնման նպատակով Երևանի և Բեյրութի քաղաքապետարանների կողմից ձևավորված համատեղ աշխատանքային խումբը քննարկում է մի շարք առաջարկություններ, որոնք առաջիկայում կվերածվեն ծրագրերի և կյանքի կկոչվեն: