ԱՄՆ Կոնգրեսն արգելել է Պենտագոնին Ռուսաստանից զենք գնել

10:09 • 20.07.12

ԱՄՆ կոնգրեսի անդամները արգելել են Պենտագոնին պայմանագրեր կնքել ռուսական Рособоронэкспорт ընկերության հետ:


Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՐ ՏԱՍՍ գործակալությունը, որոշմանը կողմ են քվեարկել 407 սենատորներ, իսկ դեմ են արտահայտվել ընդամենը 5-ը:


Նախագծի հեղինակ կոնգրեսական Ջիմ Մորանը քննադատել է Պենտագոնին` ռուսական զենք արտահանող ընկերության հետ համագործակցելու համար, և նշել, որ վերջինս դիպուկահար զենքեր, ռազմական ուղղաթիռներ է վաճառում Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմին:


«Ես մեզ համար վտանգավոր եմ համարում այն, որ մենք գնում ենք ուղղաթիռներ ռուսական ընկերությունից, որը անմիջական կապ ունի սիրիացի հազարավոր տղամարդկանց, կանանց ու երեխաներին սպանելու հարցում»,-ասել է Մորանը:


Անցյալ շաբաթ Պենտագոնը տեղեկացրել էր 171 մլն դոլար ընդհանուր արժողությամբ տասնյակ Ми-17 տիպի ուղղաթիռների գնման պայմանագիր կնքելու մասին:


Պենտագոնը ռուսական ուղղաթիռներ գնում է, քանի որ աֆղանստանցի զինվորականները ծանոթ են այդ տեխնիկային և նրանց համար ավելի հեշտ կլինի դրանք օգտագործելը, երբ ամերիկյան զորքերը 2014 թ.-ին դուրս գան Աֆղանստանից: