ՊՆ մամուլի քարտուղարը՝ Գեղամ Հարությունյանի հասցեին հնչող մեղադրանքների առնչությամբ

15:48 • 20.07.12

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանություն է տարածել վերջին շրջանում ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի հասցեին հնչող մեղադրանքների առնչությամբ, որոնք, մասնավորապես, վերաբերում են խորհրդի գործող նախագահ Գեղամ Հարությունյանին:

 
«Վերջին շրջանում մի շարք լրատվամիջոցներով պարբերաբար հայտնվող մեղադրանքները և կոչերը, որոնք վերաբերում են ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի գործող նախագահ Գեղամ Հարությունյանին և ընդհանրապես այդ կառույցին, ընդամենը քաղաքական շահարկումներ են, անառողջ դիրքորոշման արդյունք»,- նշում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը:

 

Արծրուն Հովհաննիսյանը նկատում է, որ եթե կան հասարակական նախաձեռնություններ, որոնք ցանկանում են մասնակցել բանակային խնդիրների լուծմանը, ապա լավագույն ձևն այդ աշխատանքներում ներգրավվելն է:

 

Ապա առաջարկում. «ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի լիազորությունների ժամկետը լրանալու կապակցությամբ օրերս տարածվել է համապատասխան հայտարարություն հաջորդ ժամկետի համար խորհրդի նոր կազմի ձևավորման վերաբերյալ: ՀԿ-ներին և քաղաքացիական հասարակությանը կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել այդ գործընթացին` համապատասխան կարգով»:

 

Վերջինս նաև տեղեկացնում է, որ հասարակական խորհուրդը բանակ-հասարակություն կապի օղակներից միայն մեկն է։ «Պաշտպանության նախարարությունը լայնորեն համագործակցում է հասարակական կազմակերպությունների և նախաձեռնությունների հետ, ունի հատուկ մշակված ծրագիր, իրականացվում են տարատեսակ միջոցառումներ: Դա իրականացվում է թե՛ հասարակական խորհրդի հետ համատեղ, թե՛ առանձին համապատասխան վարչությունների կողմից»,- նշված է մեկնաբանության մեջ: