Չորս դիմակավորված անձինք Ռոստովում հայազգի դատավորի են սպանել
Ռուսաստանի Ռոստովի մարզում անհայտ անձիք սպանել են Մյասնիկովյան շրջանային դատարանի նախագահ Սամվել Մանուկյանին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Հարձակումն իրականացվել է գիշերը ժամը 03:00-ի մոտակայքում: 4 դիմակավորված տղամարդիկ պատուհանից ներխուժել են դատավորի տուն: Տանտիրոջ ուղղությամբ 5 գնդակ է արձակվել, որոնցից երկուսը խոցել են թիրախը:
Դատավորի կինն ու որդին այդ պահին տանն են եղել, սակայն չեն տուժել:
Ավելի ուշ հանցագործները հեռացել են Nissan Teana մակնիշի մեքենայով:
Շրջանային ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Սամվել Մանուկյանը մահացել է առավոտյան` հիվանդանոցում:
Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ հետաքննչական խմբերը: Հարուցվել է քրեական գործ:
Ռոստովի շրջանային դատարանից տեղեկացրել են, որ Սամվել Մանուկյանն այդ պաշտոնում աշխատել է 1998 թ-ից:









