Սևանի մասին պետք է լուրջ, ոչ թե ծիծաղելի հիմնավորումներ ներկայացնել. բնապահպան

16:42 • 20.07.12

«Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զառաֆյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Ազգային ժողովի կողմից «Սևանա լճի մասին» օրենքի փոփոխմանը՝ 320 մլն խմ ջուր բաց թողնելուն, ասաց՝ եթե ընդունում ես մի փաստաթուղթ, ապա պետք է լուրջ հիմնավորումներ ներկայացնես և ոչ թե այնպիսին, որ ծիծաղելի լինի:


«Ասում են՝ ջրամբարներում ջուր չկա և վարելահողերը չորանում են: Բայց կա, և դրանք ոչ թե չորանում են ջրի պակասից, այլ գյուղացիները ֆինանսական խնդիրների պատճառով չեն մշակում վարելահողերը: Մենք կորցնում ենք մեր վարելահողերը»,- ասաց նա:

Իսկ թե իրականում ի՞նչ նպատակներով է Սևանից ջուր բաց թողնվում, բնապահպան Ինգա Զառաֆյանը նշեց, որ իրենք՝ բնապահպաներն այս առիթով ունեն մի քանի վարկածներ:
 

«Վարկածներից մեկն այն է, որ դեռևս գումար չի տրամադրվում ապագա ապամոնտաժվող օբյեկտների համար: Այսինքն, մարդկանց չեն փոխհատուցում, բայց մարդիկ դեռևս հույս ունեն և բանավեճն անընդհատ ընթանում է»,– ասաց նա:


«Երկրորդ՝ Կառավարության որոշմամբ ձկնաբուծարանները պետք է 3 անգամ ավելանան: Դա նշանակում է, որ երեք անգամ շատ ջուր պետք է պահանջվի: ԵՎ քանի որ Արարատյան դաշտավայրում արտեզյան ջրեր այլևս չկան, սպառվել են, ջուր պետք է վերցնել Սևանից»,- ասաց Ինգա Զառաֆյանը և ավելացրեց, որ կա ևս մեկ վարկած, այն, որ ՀՀ կառավարությունը չի հասցնում մաքրել Սևանի այն տարածքները, որտեղ ջուրը բարձրանում է:


Նա նշեց, որ Սևանա լճի որոշ հատվածներում նկատվում է ճահճացում և ջրի տակ է մնում ամեն ինչ:


Էկոլոգիական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը նկատեց, որ Սևանը կենդանի օրգանիզմ է և չի կարելի նրա ջուրը անընդհատ նվազեցնել ու ավելացնել: Այս գործընթացներին, ի վերջո, ըստ բնապահպանի, Սևանը համապատասխան ռեակցիա է տալու:


«Երբ ջրի մակարդակն անընդհատ իջնում ու բարձրանում է, կարող է ազդել և՛ ձկնատեսակների վրա, և՛ կենսաբազմազանության վրա. չկան ձկնատեսակներ, չկա կենսաբազմազանություն: Սևանի ճահճացման հետևանքով փոխվել է որոշակիորեն նաև տարածքի թռչնատեսակը»,- ասաց նա և ավելացրեց, որ Սևանը Հայաստանի համար նաև ունի ռազմական նշանակություն, քանի որ այն մեր խմելու ջուրն է: