Իսպանիայում բողոքի ակցիան ավարտվել է բախումներով. կա 26 վիրավոր

08:55 • 20.07.12

Երեկ Մադրիդում զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել` ընդդեմ կառավարության տնտեսական քաղաքականության: Ակցիան, սակայն, ավարտվել է ոստիկանության հետ բախումով, ինչի հետևանքով վիրավորվել է 26 մարդ:


Ինչպես տեղեկացնում է «Ֆրանս պրեսս» գործակալությունը, բախումները սկսել են այն բանից հետո, երբ որոշ խմբեր երկրի խորհրդարանի շենքի վրա քարեր և շշեր են նետել: Ի պատասխան ոստիկանությունը սկսել է ռետինե մահակներ օգտագործել և ձերբակալել է տասնյակ մարդկանց:


Բողոքի ակցիաներն ընդդեմ կառավարության քաղաքականության Իսպանիայում շարունակվում են արդեն մի քանի օր: Սակայն երեկվա ցույցերն ամենազանգվածայինն են եղել և ընթացել են երկրի միաժամանակ 80 քաղաքներում:


Դրանց մասնակցել է ավելի քան 1.5 մլն մարդ, իսկ մայրաքաղաք Մադրիդի փողոցներ են դուրս եկել շուրջ 600 հազար ցուցարարներ:


Իսպանիայում ցույցերն սկսվել են այն բանից հետո, երբ հուլիսի 11-ին Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյը հայտարարեց բյուջեի դեֆիցիտը կրճատելուն ուղղված խիստ միջոցներ ձեռնարկելու մասին: