«Հարսնաքար»-ի դեպքը հուշում է, որ իշխանությունը կորցնում է իր սուվերենությունը. քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը Հայաստանի ներքին կյանքի համար «Հարսնաքարի» դեպքը, որպես երևույթ, չափազանց վտանգավոր է համարում: «Դեպքից հետո տեղի ունեցած իրադարձությունների զարգացումներից ինձ զարմացրեց այն, որ ա՛յս տեսանկյունից հարցը չդիտարկվեց»,-հրավիրված ասուլիսում ասաց նա և հստակեցրեց, որ խնդիրը սպառնում է ոչ այնքան հասարակությանը, որքան իշխանություններին:
«Ցանկացած պետությունում, միայն մեկ սուբյեկտ կա, որ իրավունք ունի ուժ կիրառել քաղաքացիների վրա, դա իշխանությունն է՝ նշանակություն չունի ժողովրդավարական է, թե ավտորիտար, ժողովրդավարականում ավելի բաց է, մյուսում՝ ավելի փակ: Հայաստանում նոր տենդենցներ են ձևավորվում և ինչ-որ մարդիկ հայտարարում են, որ սա իմ ռեստորանն է, մյուսը՝ իմ փողոցն է: Մի քանի օր առաջ մեկն էլ հայտարարեց, թե՝ իմ քաղաքում ես եմ որոշողը: Սա լուրջ մարտահրավեր է»,-ասաց նա և նշեց, որ այս մարտահրավերը սպառնում է առաջին հերթին հենց երկրի իշխանությանը:
Ըստ քաղաքագետի, սա նշանակում է, որ իշխանությունը կորցնում է իր սուվերենությունը, ուստի հիմնական քայլը, նրա պնդմամբ՝ պետք է ձեռնարկեն իշխանությունները՝ իրենց սուվերենությունը վերադարձնելու համար՝ «կոտրել այս երևույթը Հայաստանում»:
«Պետք է սպասել իշխանության արձագանքին: Իհարկե, մի պատգամավոր հրաժարվեց մանդատից, սակայն դա հարցի լուծում չէ: Այս հարցը պետք է լուծվի համակարգային»,-ասաց Գրիգորյանն ու խնդրեց ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ ինքն առանց անուններ նշելու է խոսում, քանի որ նկատի ունի ոչ թե առանձին դեպքերը, այլ՝ երևույթը:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցության» խմբակցության պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել երեք ռազմական բժիշկները, որի հետևանքով մահացել էր Վահե Ավետյանը:









