ԼՂՀ ընտրություններում թեժ պայքար կար, և աշխարհն ստիպված կլինի հաշվի նստել դրա հետ. քաղաքագետ

16:24 • 20.07.12

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի համար այդքան էլ մեծ նշանակություն չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացված նախագահական ընտրությունների վերաբերյալ միջազգային հանրության արձագանքը։


«Այն պարզ պատճառով, որ երբ ուսումնասիրում ենք ՄԱԿ-ի, Եվրախորհրդի հիմնական կոնվենցիաները, տեսնում ենք, որ բոլոր տեղերում նշված է՝ ցանկացած ժողովուրդ իրավունք ունի ձևավորելու իր իշխանությունը»,– ասաց քաղաքագետը՝ հայտարարելով, որ այդ տեսանկյունից ԼՂՀ-ում անցկացված նախագահական ընտրությունները լեգիտիմ են:


Քաղաքագետին ոչ այդքան ընտրությունների արդյունքներն են հետաքրքրել, որքան այն հանգամանքը, որ ընտրությունն անցել է բավական մրցակցային պայմաններում։


«Ղարաբաղում, իրոք, մրցակցային ընտրություններ են տեղի ունեցել: Բավական թեժ պայքար կար, և աշխարհն ուզած -չուզած դրա հետ հաշվի կնիստի»,– ասաց նա:


Ստեփան Գրիգորյանը հաշվի առնելով ընտրություններին ընդդիմության թեկնածու Վիտալի Բալասանյանի ստացած զգալի թվով ձայները (նախնական տվյալներով Վիտալի Բալասանյանը ստացել է ընտրողների 31.40% քվեն- Tert.am), նշեց, որ Արցախում ընդդիմությունը դրական դերակատարություն կունենա:


«Մեր նպատակը պետք է լինի այն, որ ընդդիմությունը գործի Ղարաբաղում: Միշտ էլ, եթե ուժեղ ընդդիմություն կա երկրում, այդ երկիրը զարգանում է: Հասկանալի է պատճառը, որ ընդդիմությունը լարվածության մեջ պահելով իշխանություններին՝ ստիպում է նրանց աշխատել»,-ասաց նա:
 

ԼՂՀ-ի դեպքում նա հստակեցրեց, որ այստեղ, իհարկե, խաղի կանոնները տարբերվում են։ «Շփման գիծն այնտեղ է, և պարզ է, որ ընդդիմությունն ավելի կոռեկտ, ավելի զգույշ պետք է գործի: Բայց այն, որ իրենք կան և քննադատում են իշխանությունների սխալը` միայն դրական է»,- բացատրեց նա:
 

Քաղաքագետը սխալ կարծիք է համարում այն, որ որոշ մարդիկ հայրենասիրություն են համարում գաղտնիքը թաքցնելը։ «Ես դա ճիշտ չեմ համարում դա, հակառակը՝ ինչքան դու բաց լինես, այնքան արագ կզարգանաս»,– եզրափակեց նա: