Սիրիացի ընդդիմադիրները վերահսկողության տակ են վերցրել Թուրքիայի և Իրաքի սահմանային անցակետերը

09:15 • 20.07.12

Սիրիայի ազատ բանակը հայտարարել է,  թե գրավել է թուրք-սիրիական սահմանի Բաբ էլ Հաուա սահմանային կետը. տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:


Թուրք-սիրիական սահմանի մոտակայքում գտնվող սիրիական գյուղերում ընթացած մարտերի ընթացքում կառավարական զորքերը հետ են քաշվել, և սահմանն այժմ վերահսկում են ընդդիմադիր ուժերը:


Նախագահ Ասադին հավատարին զորքերից հեռացած 30 զինվորների և Սիրիայի անվտանգության ուժերի միջև ընթացած բախումներից հետո ընդդիմադիրներին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել ինչպես Բաբ էլ Հաուա անցակետը, այնպես էլ սահմանամերձ Ջարաբլուս գյուղը:


Ընդդիմությունը հայտարարել է նաև Իրաքի սահմանային անցակետերից Աբու Քեմալը վերահսկողության տակ վերցնելու մասին:


Այս շաբաթվա սկզբին Սիրիայի ընդդիմությունը հայտարարել էր երկրի կառավարական ուժերի դեմ լայնածավալ գործողություններ սկսելու մասին: Մինչ օրս մարտերը Սիրիայի տարբեր քաղաքներում չեն դադարում:

Գիշերն ինտենսիվ մարտեր են ընթացնել նաև Թուրքիայից ոչ հեռու գտնվող Ազազ քաղաքի մոտակայքում: