Սիրիայում սպառվում են կանխիկ դրամական միջոցները

20:49 • 20.07.12

Սիրիայի բանկերի մեծամասնությունը կանխիկ դրամի անբավարարության խնդրի առաջ են կանգնել, այսօր հայտարարել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Մելիսա Ֆլեմինգը, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:


«Մենք հայտարարություններ ենք ստացել այն մասին, որ սիրիական բանկերում սպառվում են դրամական միջոցները: Ես հենց նոր զեկույց եմ ստացել, որում ասվում է, որ պետական և մասնավոր բանկերը առանց միջոցների են մնացել: Ինձ դեռ հայտնի չէ, թե արդյոք դա բոլոր բանկերին է վերաբերվում»,- հայտարարել է Մելիսա Ֆլեմինգը:


Ֆլեմինգը նաև նշել է, որ բանկային ճգնաժամը կանդրադառնա Սիրիայի քաղաքացիների վրա, ինչպես նաև ծանր հետևանքներ կունենա փախստականների համար: Կանխիկ դրամի պակասը արդեն բերել է նրան, որ երկրում բարձրանում են ապրանքների և ծառայությունների գները:

 

Միացյալ Արաբական Էմիրություններում թողարկվող «Հալիջ թայմս» պարբերականը ավելի վաղ հաղորդել էր, որ Սիրիայի կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել Ռուսաստանում տպագրված դրամական կանխիկ միջոցներ, բյուջեի դեֆիցիտը հաղթահարելու համար, որը պայմանավորված է միջազգային պատժամիջոցներով և երկրում տեղի ունեցող բախումների հետ կապված պետական ծախսերի կտրուկ ավելացմամբ: