Անցած 48 ժամում սիրիացի 30 հազ փախստական է անցել Լիբանան. ՄԱԿ
Վերջին 48 ժամվա ընթացքում մինչև 30.000 սիրիացի փախստական է հատել Լիբանանի սահմանը: Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, այդ մասին հայտնել են ՄԱԿ-ի փախստականների հարցերի գրասենյակից:
«Լիբանանի սահմանը վերջին երկու օրում հազարավոր մարդիկ են հատել: Հաղորդվում է 8.500-ից մինչև 30.000 սիրիացիների` սահմանը հատելու մասին»,- ասել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով հանձնակատարի խոսնակ Մելիսա Ֆլեմինգը:
Լիբանանի անվտանգության ծառայությունը ևս հաստատել է, որ գրանցվել է ավելի քան 30 հազար սիրիացի` մեծ մասը «փախստականի» կարգավիճակով: Նրանցից շատերն իրենց հետ անձնագրեր չեն ունեցել և հնարավոր չի եղել ճշտել նրանց ինքնությունը:









