Վանո Սիրադեղյանը պետք է չվախենա ու մեջտեղ գա. Պարույր Հայրիկյան

15:36 • 20.07.12

ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի վերադարձի համար ձևավորված նախաձեռնությանը «Ազգային ինքնորոշում միավորում» (ԱԻՄ) կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը պատրաստ է միանալ, պարզապես, մտածում է, որ անհրաժեշտություն չկա նման շարժում կազմակերպելու, այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ԱԻՄ նախագահը:

 

«Ընդհանրապես, որևէ արտաքսյալ կամ փախած հայի վերադարձ ես ցանկալի երևույթ եմ համարում: Ես կողմ եմ, որպեսզի Վանո Սիրադեղյանը ոչ թե վերադառնա, այլ մեջտեղ գա: Եթե պետք է՝ դատվի, եթե վաղեմության ժամկետ կա՝ ազատվի»,– ասաց նա:


«Ես զարմանում եմ, Հայաստանում գործում է վաղեմության ժամկետ և ինչ հանցագործություն էլ Վանոն գործած լինի՝ այդ հոդվածով արդեն ինքն այդ ժամկետի փուլն անցել է, ոչ մի շարժում կազմակերպելու անհրաժեշտություն չկա, պարզապես, պետք է ինքը՝ Վանոն չվախենա ու գա»,- ասաց նա:


Հայրիկյանը նշում է, որ իր ստորագրությունն, իհարկե, կդնի, սակայն հարցը նրանում է, թե ինքը՝ Վանո Սիրադեղյանն ուզո՞ւմ է գալ, թե՝ ոչ, և ո՞վ է նրան խանգարում մեջտեղ գալու:


«Եթե Վանոն հայերենասեր մարդ է, թող ինքը գա, եթե հայրենասեր է, բայց վախենում է, թող իմանա, որ կա վաղեմության ժամկետ: (Թող) նամակ գրի դատախազություն և հարցնի, որ երբ սպանություն են կազմակերպում, կամ ինձ մեղադրում եք, դրանց ժամկետն անցե՞լ է, կասեն՝ այո, անցել է, որովհետև առավելագույն ժամկետը 10 տարի է և ինքը կարող է հանգիստ վերադառնալ»,- իբրև օրենքի գիտակ՝ հուշեց Հայրիկյանը:


Իսկ Վանո Սիրադեղյանի վերադարձի համար ձևավորաված և և նման այլ նախաձեռնություններով զբաղվողներին վերջում չմոռացավ հիշեցնել Պարույր Սևակի խոսքերը. «Սևակն էր ասում՝ զբաղվում են սեքսի այն տեսակով, որից երեխաներ չեն ծնվում: Այսինքն՝ երազախաբությունից զավակ չի ծնվում»: