Վարչապետն ու դեսպանը քննարկել են հայ-բուլղարական հարաբերություններին առնչվող հարցեր
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Բուլղարիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Կարաստամատովին, այս մասին տեղեկացնում են Կառավարության լրատվական ծառայությունից:
Վարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: «Հայաստանի կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի դուք հաջողությամբ կարողանաք իրականացնել Ձեր առաքելությունը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Երկու բարեկամական երկրների միջև հարաբերությունների և առևտրատնտեսական կապերի զարգացման համատեքստում զրուցակիցները կարևորել են հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը, որն այս տարի տեղի կունենա Սոֆիայում:
Գեորգի Կարաստամատովը Տիգրան Սարգսյանին է փոխանցել նաև Բուլղարիա այցելելու իր գործընկերոջ՝ Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի հրավերը:









