Դատապարտում եմ յուրաքանչյուր բռնություն. փոխոստիկանապետը «Հարսնաքանի» դեպքի մասին
ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, Ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ դատապարտում է յուրաքանչյուր բռնության դեպք, և ավելացրեց, որ կապ չունի, թե ո՞վ է դիմել բռնության` ԱԺ պատգամավո՞րը, նախարա՞րը, թե՞ շարքային քաղաքացին:
Հունան Պողոսյանն այս մասին ասաց ի պատասխան Tert.am-ի հարցին, թե վերջինս ինչպե՞ս է վերաբերվում ՀՀ ԱԺ դեռևս գործող պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից իրավապաշտպան Արման Վեզիրյանին ապտակելու փաստին:
Հիշեցնենք, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպից հետո սպանված բժիշկ Վահե Ավետյանի մահվան 7-րդ օրը կազմակերպված մոմավառությունից առաջ, ՀՀ ԱԺ պատգամավորն ապտակել էր Արման Վեզիրյանին, որից հետո զանգահարել նրան և ներողություն էր խնդրել իր արարքի համար, իսկ Վեզիրյանն էլ նշել էր, որ ինքը չի բողոքարկում, հետևաբար, ոստիկանությունը գործ չէր հարուցել:
Tert.am-ի հարցին՝ ո՞վ, ե՞րբ, ո՞ւմ ցանկանա ապտակի դրա համար չի՞ կրելու պատասխանատվություն, Հունան Պողոսյանն ասաց, եթե մասնակի դեպք է տեղի ունենում, պարտադիր պետք է լինի դիմում-բողոք, որի հիման վրա կսկսվի հետաքննություն:
«Մենք պարոն Վեզիրյանին հրավիրել ենք Երևան քաղաքի ոստիկանության վարչության հետաքննական մարմին, որտեղ ինքը պետք է ներկայացներ իր բողոքը, սակայն Արման Վեզիրյանն ասաց, որ ինքը չի բողոքում»- նշեց նա, բացառելով այն վարկածը, որ Արման Վեզիրյանին հնարավոր է Ռուբեն Հայրապետյանը վախեցրած լինի:









