Սիրիայում երկկողմ ռազմական գործողությունները կակտիվանան. արաբագետ

15:05 • 21.07.12

Սիրիայի պաշտպանության նախարարի, փոխնախարարի, անվտանգության ծառայության ղեկավարի և մի շարք այլ բարձրաստճան պաշտոնյաների՝ ահաբեկչական գործողությունների հետևանքով իրականացված սպանությունները, ըստ արաբագետ Արմեն Պետրոսյանի, ակնհայտորեն մանրակրկիտ կազմակերպված գործողություններ էին, ինչն, ըստ նրա, իրականացվեց արտաքին ուժերի աջակցությամբ: Այսօր այդ մասին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց արաբագետը:


«Սա պետական հեղաշրջման փորձ էր: Ոչ ոք չէր կարող անցնել և այդ շենքում, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաները հավաքվել էին՝ պայթուցիկ տեղադրել: Սա ցույց է տալիս, որ մանրակրկիտ կազմակերպված ահաբեկչություն էր, որի նպատակը Բաշար Ասադին հարված հասցնելն էր»,-ասաց նա:

 

Ասուլիսին ներկա արաբագետ Սարգիս Գրիգորյանի խոսքով՝ պայթյունից հետո նորանշանակ պաշտպանության նախարարի հայտարարությունը ցույց տվեց, որ սիրիական իշխանությունը մինչև վերջ վճռական է՝ պատժելու մեղավորներին. «Տեսանյութեր տարածվեցին, թե դեռևս Բաշար Ասադը տիրապետում է իրավիճակին: Դամասկոսում, երբ ընդդիմադիրներն ակտիվ էին, երեկ ցուցադրվեցին, որ այնտեղից մաքրել են ընդդիմությանը և քաղաքը գտնվում է իշխանության ազդեցության տակ»,-ասաց նա և նկատեց, որ տեսանյութում ցուցադրվող զենքը հիմանականում արևմտյան արտադրության էր:

 

Արմեն Պետրոսյանի խոսքով՝ վերջին գործողություններից հետո, կավելանան երկկողմ ռազմական գործողությունները.«Բաշար Ասադը և իր կողմնակիցները կձգտեն առավել կոշտ միջոցներով հասնել դատաստանի, մյուս կողմից, ընդդիմություն կոչվածը, կամ «Սիրիայի ազատ բանակը» և նրանց հովանավորյալները ոգևորված հաջողություններից՝ նույնպես կկրկնապատկեն իրենց ակտիվությունը»,- ասաց Պետրոսյանն ու նշեց, որ դրան զուգահեռ կուժեղանա նաև ապատեղեկատվության տարածումը: