Դուք եք մեր Հայրենիքի ապագա անվտանգության երաշխավորները. ասել է Կոմանդոսը արիտունցիներին (լուսանկարներ)

15:58 • 21.07.12

Հուլիսի 20-ին Աղավնաձորի ճամբարում կայացել է ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» համահայկական երիտասարդական ծրագրի 4-րդ փուլն ամփոփող «Ես քո զավակն եմ Հայաստա՛ն» խորագրով գրական, երաժշտական երեկույթ:


Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Սփյուռքի նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից, միջոցառմանը երկա է եղել նաև արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), մշակույթի և արվեստի գործիչներ:


ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ջերմորեն ողջունել է երիտասարդներին և շնորհակալություն հայտնել է «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի մասնակիցների ծնողներին, ուսուցիչներին և նրանց համայնքների ղեկավարներին` երիտասարդների Հայրենիք այցը կազմակերպելու համար:

 

Արկադի Տեր-Թադևոսյանը ևս ողջունել է սփյուռքահայ երիտասարդներին` մասնավորապես, նշելով, որ նրանք պետք է հպարտ լինեն ուժեղ և պաշտպանված Հայրենիք ունենալու համար և իմանան, որ իրենք են մեր Հայրենիքի ապագա անվտանգության երաշխավորները:

 

Ողջույնի և շնորհակալական խոսքով հանդես է եկել նաև Նիկոսիայի (Կիպրոս) «Նարեկ» վարժարանի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Մագի Հալաջյանը` շեշտելով, որ «Արի տուն» ծրագիրը լիովին ծառայում է իր նպատակին և առաքելությանը:

 

Միջոցառմանը իրենց կատարումներով հանդես է եկել նաև «Հայկազունք» գուսանա-աշուղական համույթը, այն ավարտվել է Ճամբարային խարույկի մոտ:

 

Աղավնաձորի ճամբարում այս անգամ հյուրընկալվել են աշխարհի տարբեր երկրներից ժամանած շուրջ 180 երիտասարդներ, որոնք վերադառնալով բնակության երկրներ` կտանեն իրենց հետ Հայրենիքի շունչը, մայր հողի ուժը և ջերմ ու բարի հիշողություններ Հայաստանում անցկացրած օրերից: