ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին կալանավորվեց և տեղափոխվեց բանտ (թարմացված, լուսանկարներ, տեսանյութ)
15.35
Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Tert.am-ին հայտնեց, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամ Հովսեփյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարեց Արմավիրի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Արմեն Դալլաքյանի միջնորդությունը՝ ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդու՝ Արտակ Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել երկամսյա կալանքը, ինչից հետո վերջինս տեղափոխվեց «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ («Միլիցեքի բերդ»):
Մանրամասները՝ ստորև.
Այսօր՝ հուլիսի 21-ին, Ոստիկանության Արմավիրի բաժնի ձերբակալվածների պահման վայրից Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան տեղափոխվեց 30-ամյա Արտակ Գևորգյանը:
Ինչպես Արմավիրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Գևորգյանը ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանի («Արմավիրցի Նովո») որդին է:
Պատգամավորի որդին դատարան տեղափոխվեց ոստիկանների ուղեկցությամբ՝ ձեռնաշղթայված վիճակով: Այս պահին նշված դատարանի թիվ 3 դահլիճում սկսվել է դռնփակ դատական նիստը, որտեղ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Արմեն Դալլաքյանը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց՝ 2-ամսյա կալանք կիրառի ձերբակալված Ա. Գևորգյանի նկատմամբ:
Դատավոր Արամ Հովսեփյանը այս պահին դռնփակ դատական նիստ է անցկացնում, որը նշանակվել էր ժամը 10-ին, սակայն Ա. Գևորգյանի փաստաբանը ուշանում էր դատական նիստից:
Գ. Շամշյանը հայտնում է, որ Ա. Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 183 հոդված 1-ին մաս (ավտոմեքենայի կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալը, փախցնելը՝ առանց հափշտակելու նպատակի) և նույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի (կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով), ինչպես նաև 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելը, կրելը, օգտագործելը) հատկանիշներով:
Ֆոտոլրագրողը նաև հայտնում է, որ Ոստիկանության Արմավիրի բաժնի հատուկ պահպանման տարածք է տեղափոխվել նաև «Մերսեդես Ջի» մակնիշի 005 ՕՕ 05 համարանիշի և նրա կողմից առևանգված «Վազ 2106», և «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենաները:
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ի գիշեր՝ ժամը 03.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 25-ամյա Վիրաբ Ա.-ն և հայտնել, որ անհայտ անձը «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայից իջնելով՝ զենքի սպառնալիքով առևանգել էր իր «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ 30-ամյա Արտակ Գևորգյանը նույն օրը, ժամը 03.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոցի մոտ, իջնելով իր կողմից վարած «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայից՝ ատրճանակի սպառնալիքով կանգնեցրել էր Վիրաբ Ա.-ի կողմից վարվող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան և իջեցնելով վերջինիս ու նրա ուղևորին ու թողնելով «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենան` «ՎԱԶ 2106» ավտոմեքենայով հեռացել է:
Արտակ Գ.-ն ձերբակալվել էր, իսկ Ոստիկանության Արմավիրի մարզային քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի 1-ին մասի, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նույն օրը երեկոյան, ժամը 20.30-ին, Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ` ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել Արտակ Գևորգյանին պատկանող, Երևան քաղաքի Տերյան փողոցում գտնվող բնակարանում, որտեղ խոհանոցի անկյունակ բազմոցի նստելատեղի տակից հայտնաբերվել է 4,5 մմ տրամաչափի «Բայկալ» օդամղիչ ատրճանակ: Ատրճանակն ուղարկվել էր փորձաքննության:
Հուլիսի 18-ին Tert.am-ը տեղեկացրել էր նաև, որ ժամը 21.00-ի սահմաններում Երևան քաղաքի Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկում հավաքվել էին մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ: Ինչպես նշված վայրից Tert.am-ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շենքի մի քանի բնակիչներ ֆոտոլրագրողի հետ զրույցում պատմել էին, որ մոտ 6 ժամից ավել է, մեծ թվով ոստիկաններ նշված շենքի մոտից փորձում են Ոստիկանություն տեղափոխել մայթին կայանված «Մերսեդես Ջի» («Յաշիկ») մակնիշի 005 ՕՕ 05 համահամարանիշի ավտոմեքենան:
Գ. Շամշյանը հայտնել էր, որ իր տեղեկություններով նշված ավտոմեքենան պատկանում է ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանին («Արմավիրցի Նավո») և այն Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից տեղափոխվել էր Ոստիկանության հատուկ պահպանման տարածք:
Շամշյանի տեղեկություններով՝ մեքենայի տեղափոխումը Ոստիկանություն կապված էր երեկ այդ գիշեր տեղի ունեցած միջադեպի հետ, որի մեջ կասկածվում է ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին՝ Արտակ Գևորգյանը, ով, ըստ Շամշյանի տեղեկությունների այդ միջադեպի ժամանակ նաև գինովցած էր եղել:
Նշենք նաև, որ ԱԺ պատգամավորի որդու կալանավորման հավանականության մասին երեկ Ոստիկանությում կայացած կոլլեգիայի նիստին հաջորդած ասուլիսի ժամանակ հայտարարել էր նաև ՀՀ քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը: Վերջինս լրագրողների հարցին ի պատասխան, տեղեկացրել էր, որ Արմավիրի քննչական բաժինը այդ օրը (երեկ՝ հուլիսի 20-ին) դիմելու է դատարան, որպեսզի ՀՀ ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին ձերբակալվի: «Հույս ունենք, որ դատարանը թույլ կտա կալանավորել առևանգում կատարած երիտասարդին»,- ասել էր նա:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի









