Բրազիլիան Սիրիայից տարհանել է դիվանագետներին, իսկ Չեխիան որոշել է չփակել դեսպանատունը
Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը որոշում է կայացրել Սիրիայում բրազիլացի դիվանագետներին երկրից տարհանելու մասին: Նախագահի այդ որոշումը պայմանավորված է ընդդիմության և կառավարական ուժերի բախումների սրմամբ. տեղեկացրել է Univision հեռուստաընկերությունը:
Վերջին տեղեկություններով` դեսպան Էդգար Կաշիանոն և դեսպանատան այլ աշխատակիցներ արդեն հեռացել են Դամասկոսից և գտնվում են Լիբանանի տարածքում:
Դեսպանն իր հերթին հայտնել է, որ աշխատանքներ են տարվում երկրում մնացած բրազիլացիներին անհրաժեշտության դեպքում տարհանելու ուղղությամբ: Ընդհանուր առմամբ Սիրիայում բնակվում է շուրջ 3000 բրազիլացի, որոնց մեծ մասը` մայրաքաղաք Դամասկոսում:
Նկարագրելով իրավիճակը Սիրիայում` դեսպանը պատմել է, որ իրենք անգամ փողոց չեն կարողացել դուրս գալ` մշտական հրաձգությունների պատճառով:
Չնայած Սիրիայում առկա լարված իրավիճակին` Չեխիան որոշում է կայացրել չփակել դեսպանատունը երկրում:
«Սիրիայում Չեխիայի դեսպան Եվա Ֆիլիպին և դեսպանատան աշխատակիցները կշարունակեն աշխատել Դամասկոսում»,- հայտարարել են Չեխիայի արտգործնածարարությունից:
Պաշտոնական Պրահան որոշել է չփակել դեսպանատունը Դամասկոսում, չնայած Եվրոպական Միության անդամ պետությունների մեծ մասն արել են դա:
Չեխ դիվանագետները անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում նաև Սլովակիայի քաղաքացիներին, քանի որ Բրատիսլավան դադարեցրել է իր դեսպանատան աշխատանքը երկրում:









