Նվաստացվել է նորակոչիկ Դավիթ Մարկոսյանի արժանապատվությունը. Վանաձորի գրասենյակ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տարածել է հաղորդագրություն, որում ներկայացվում է հուլիսի 12-ին ՀՀ զինված ուժերում՝ սպայի կողմից նորակոչիկ Դավիթ Սամվելի Մարկոսյանի արժանապատվությունը նվաստացնող դեպքի նկարագրությունը
Ըստ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տարածած տեղեկատվության, 1994 թ-ին ծնված Դավիթ Մարկոսյանը բանակ է զորակոչվել Վանաձոր քաղաքից՝ 2012 թ-ի մայիսի 23-ին և ծառայության է ուղարկվել Քելբաջարի Չոթռլու գյուղում տեղակայված հակահրետանատանկային 1-ին մարտկոց:
Այնուհետև, հուլիսի 9-ին Դավիթ Մարկոսյանին տեղափոխել են «Յանշակ», և քանի որ նա վարորդ էր, նրան տրամադրվել է ավտոմեքենա:
Ըստ Դավիթ Մարկոսյանի մոր հայտնած տեղեկատվության՝ հուլիսի 12-ի առավոտյան, դիվիզիայի հրամանատարը՝ մայոր Գարեգին Պողոսյանը, տագնապ է հայտարարել՝ մեքենայի տեխնիկական և զինվորների պատրաստվածության վիճակը ստուգելու նպատակով:
Վանաձորի գրասենյակի տարածած տեղեկատվության մեջ տեղի ունեցած դեպքը նկարագրվում է հետևյալ կերպ.
«Այդ ժամանակ Դավիթի շալվարի ներքևի մասը՝ փողքը, երկարաճիտք կոշիկի տակից դուրս եկած է եղել, և Դավիթը մի ձեռքով փորձել է ուղղել այն, իսկ մյուս ձեռքով բռնել է զենքը: Նրան է մոտեցել մայոր Պողոսյանը եւ ասել. «Այ ոչխար, հլա ուղղվի» և սկսել է ստուգել մեքենան: Ստուգումն ավարտելուց հետո, Դավիթը գնացել է մայորի աշխատասենյակ, որպեսզի պարզաբանի վերջինիս կողմից վիրավորանքի պատճառը: Երբ մտել է աշխատասենյակ, մայորին հարցրել է. «Էդ ինձ էիք ասո՞ւմ՝ այ ոչխար»:
Մայորը պատասխանել է. «Ոչ միայն էդ եմ ասում, այլև ուրիշ բաներ» և սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ տալ: Դավիթը երկու ձեռքով հարվածել է մայորի գլխին՝ ականջների ուղությամբ: Սկսվել է հարվածների փոխադարձում, և Դավիթը փորձել է դուրս գալ սենյակից, սակայն մայոր Պողոսյանը բռնել է Դավիթի ձեռքն ու չի թողել: Դավիթը աթոռի հարվածով փորձել է դուրս պրծնել մայոր Պողոսյանի ձեռքից»:
Տեղեկացվում է, որ դեպքից հետո՝ հուլիսի 13-ի կամ 14-ի երեկոյան, Դավիթ Մարկոսյանին տեղափոխում են Մարտունիի 5-րդ կայազորի կալանատուն:
Գործով ներգրավված է Սևանի կայազորի բաժնի քննիչ Արմեն Գևորգյանը և վերջինիս կողմից տրամադրված հանրային պաշտպան Սիրվարդ Ասլանյանը:
Ըստ տեղեկատվության, երբ Դավիթի մայրը հուլիսի 19-ին հանդիպել է որդուն, Դավիթի այտը ատամից այտուցված է եղել, նա դժվարացել է խոսել: «Մոր խոսքով՝ նա ունեցել է 82-83 կգ քաշ, սակայն տեսակցության ժամանակ նիհարած է եղել, և այտոսկրերը ցցված են եղել, դաստակին կապտուկ կար, իսկ ոտքը խոսելու ժամանակ դողալիս է եղել: Մոր խոսքերով, տպավորություն կար, որ Դավիթի ներքևի առաջնային ատամնաշարը ետ ընկած էր»:
Տեղեկացվում է, որ այդ օրը՝ հուլիսի 19-ին տեղի է ունեցել առերեսում մայոր Պողոսյանի հետ, սակայն, ըստ Վանաձորի գրասենյակի փոխանցման, այդ մասին Դավիթը կամ նրա հարազատները չեն տեղեկացվել.«Ավելին, առերեսումը կազմակերպվել է առանց փաստաբանի, չնայած նա գտնվել է զորամասում»:
2012 թ-ի հուլիսի 19-ին Դավիթին ՌՈ 7-րդ կայազորի կալանատնից տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Մայրը տեղյակ չէր, թե որդու նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց, կիրառվել է, թե ոչ:
Հիշեցնենք, որ սույն տեղեկատվությունը կազմվել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից:









